Մատչելիության հղումներ

logo-print
Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Կոնգրեսի երկու պալատների առջեւ հանդես եկավ 2007 թվականի տարեկան ուղերձով, որի առանցքային թեմաներից մեկն էր Իրաքի պատերազմը:

«Իրաքում մեր գործը ավարտելու համար անհրաժեշտ է 20 հազար թվակազմով ուժեր ուղարկել այնտեղ, հակառակ դեպքում՝ Իրաքի կառավարությունը կտապալվի», - հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահը՝ հավելելով. - «Փորձում ենք խաղաղություն բերել Մերձավոր Արեւելքին»:

Բուշը կարեւորեց Ալ Ղաիդայի եւ հակաամերիկյան մյուս խմբավորումների դեմ պայքարի շարունակումը՝ նշելով, թե «սեպտեմբերի 11-ի չարիքը դեռեւս շարունակում է գործել աշխարհում, իսկ պատերազմը միայն ճակատում չէ, այլ նաեւ գաղափարական դաշտում է»:

«Ջանք չենք խնայում Հյուսիսային Կորեան միջուկազերծ գոտի դարձնելու համար», - հայտարարեց ԱՄՆ-ի նախագահը: - «Ջանք չենք խնայում արթնացնելու աշխարհի խիղճը՝ Դարֆուրում մարդկանց փրկելու համար»:

«Գիտենք, որ դեռեւս շատ մարտահրավերներ են կանգնած մեր առջեւ, սակայն պետք է վստահորեն գնանք առաջ, քանի որ արդարացի է մեր գործը, իսկ գործը շարունակվում է այսօր», - ասաց Ջորջ Բուշը:

ԱՄՆ-ի նախագահը խոսեց նաեւ երկրում գործազրկության նվազեցման, աշխատավարձերի բարձրացման միտումների մասին: Նրա խոսքերով, հարկավոր է հավասարակշռել բյուջեն՝ առանց հարկերը բարձրացնելու, ավելի մեծ ուշադրություն է պետք հատկացնել սոցիալական ապահովությանը եւ բժշկական ապահովագրությանը, ծերերին, հաշմանդամներին եւ երեխաներին:

Ներգաղթի հարցում Բուշը կարեւորեց նոր օրենքները, որպեսզի կրճատվի անօրինական ներգաղթողների թիվը եւ որոշվի արդեն ԱՄՆ-ում գտնվող անօրինական ներգաղթյալների կարգավիճակը:

Ջորջ Բուշը խոսեց օտար երկրների նավթի պաշարներից կախվածությունը նվազեցնելու եւ էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացմանը զարկ տալու կարեւորության մասին:

Ելույթը մի քանի տասնյակ անգամ ընդհատվեց հոտնկայս ծափահարություններով, սակայն որոշ դեպքերում, հատկապես՝ երբ Բուշը խոսում էր Իրաք հավելյալ ուժեր ուղարկելու մասին, ծափահարություններից զերծ էին մնում դեմոկրատները:

Ելույթի սկզբում Բուշը շեշտեց, որ պատիվ ունի լինելու ԱՄՆ-ի առաջին նախագահը, ով Ամերիկայի ժողովրդին իր ամենամյա ուղերձը սկսում է «Տիկին խոսնակ» բառերով՝ նկատի ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Նենսի Փելոսիին:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG