Մատչելիության հղումներ

logo-print
Այն պահին, երբ Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրատան մոտից սկսվեց Հրանտ Դինքի հուղարկավորության արարողությունը, Երեւանում հազարավոր մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում` սգալու նրա մահը, իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնելու Հրանտ Դինքի ընտանիքին ու ողջ հայ ժողովրդին:

Շատերի ձեռքին անգլերեն եւ հայերեն պաստառներ կային` «Մենք բոլորս Հրանտ Դինքնն ենք» կարգախոսով: Կային նաեւ այլ պաստառներ` «Թուրքիա, սա՞ է քո ճանապարհը դեպի Եվրոպա», «Մահ իմացյալ անմահություն է» եւ այլն:

Օպերայի թատրոնի սանդղահարթակին տեղադրված էր Հրանտ Դինքի նկարը, շուրջը` ծաղիկներ ու մոմեր: Հարթակին կանգնածների թվում էին Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Անտոնի Գոդֆրին, Հայաստանում հավատարմագրված այլ բարձրաստիճան դիվանագետներ:

Բացելով հանրահավաքը, կազմակերպիչները` Հրանտ Դինքի հայաստանաբնակ եւ սփյուռքահայ ընկերները, շեշտեցին, որ բնավ նպատակ չունեն հակաթուրքական կոչեր անել կամ թշնամանք հրահրել, այլ ուզում են Ստամբուլում սպանված գործչի hուղարկավորությանը զուգահեռ հարգել նրա հիշատակը:

«Տեսնում ենք աշխարհով մեկ այսպիսի արձագանք», - իր ելույթում ասաց գրող, հրապարակախոս Զորի Բալայանը: - «Սպանության մասին չէ միայն, անձի մասին է: Ինքը մեզ համար բացահայտեց, որ կարելի է Թուրքիայում գտնել հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր գիտակցում են, որ միայն ապաշխարանքը կարող է փրկել Թուրքիային»:

«Կորցրինք մի մարդու, որը ժողովուրդ, հրապարակ պահելու ընդունակ չլինելով գուցե, այսօր հրապարակներ է պահում ե’ւ Հայաստանում, ե’ւ Միացյալ Նահանգներում, ե’ւ Թուրքիայում, ե’ւ Եվրոպայում», - ասաց Դինքի մտերիմներից «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը:

Հանրահավաքի մասնակիցներից շատերը դժվարությամբ էին կարողանում խոսել, շատ հուզված էին:

«Մեծ կորուստ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց տարեց մի կին: - «Մեզ համար էր տանջվել: Ժողովրդի համար էր տանջվել... Ափսոս, հազար ափսոս»:

Հանրահավաքի ընթացքում Հրանտ Դինքի հիշատակին հոգեհանգստյան արարողություն կատարեցին Մայր Աթոռի միաբանները` Մայր աթոռի լուսարարապետ Արարատ եպիսկոպոս Գալթաղջյանի գլխավորությամբ:

Վաղը Երեւանում կազմակերպվում է սգո երթ` Շահումյան հրապարակից մինչեւ Ծիծեռնակաբերդ:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG