Մատչելիության հղումներ

Ստամբուլում այսօր վերջին հրաժեշտն են տալիս ուրբաթ օրը թուրք մոլեռանդ ազգայնականի կողմից սպանված հայազգի հրապարակախոս, լրագրող, «Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքին: Նրա հուղարկավորությանը մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ:

Մարդկանց մի քանի կիլոմետրանոց սգո թափորը «Ակոս»-ի խմբագրատնից, որտեղ սպանվել էր Դինքը, շարժվեց դեպի հայկական Սուրբ Մարիամ աթոռանիստ եկեղեցին, որտեղ կայանալիք հոգեհանգստի արարողությունից հետո նրա աճյունը կամփոփվի Բալըքլի հայկական գերեզմանատանը:

Խմբագրատան մոտ հավաքվածներին դիմեց Դինքի այրին` Ռաքելը` կոչ անելով գտնել սպանության պատճառների ավելի խորքային բացատրություն. - «17-ամյա կամ 27-ամյա, ով էլ եղել է, այդ մարդասպանը ժամանակին երեխա է եղել: Մենք ոչնչի չենք հասնի, քանի դեռ մեզ հարց չենք տվել, թե ինչպես այդ երեխան մարդասպան մեծացավ»:

Ճանապարհին սգո թափորի մասնակիցները կրում են հայերեն ու թուրքերեն պաստառներ` «Մարդասպան պետությունը պետք է պատասխան տա իր արածի համար», «Բոլորս Հրանտ Դինքն ենք», «Բոլորս հայ ենք»:

Թափորի մասնակիցները ժամանակ առ ժամանակ վանկարկում են` «Ուս-ուսի` ընդդեմ ֆաշիզմի», «301-ը մարդասպան հոդված է»` նկատի ունենալով Քրեական օրենսգրքի` «թուրքական ինքնությունը» վիրավորելու համար պատիժ նախատեսող հոդվածը:

Հուղարկավորության մասնակիցների թվում են Հայաստանի պատվիրակությունը` փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը, թուրք հասարակական եւ քաղաքական բազմաթիվ գործիչներ, այլ երկրների հայկական գաղութների ներկայացուցիչներ:


Ռուբեն Մելոյան, Ստամբուլ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG