Մատչելիության հղումներ

Դինքի հուղարկավորությունը հնարավոր է վերածվի բողոքի հուժկու ցույցի


«Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի հուղարկավորությունը, որը սկսվելու է մի քանի ժամից, ըստ ամենայնի, կվերածվի բողոքի հուժկու ցույցի` ենթադրում է Ստամբուլի «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանը:

«Մեր կարծիքը, մեր վախն այն է, որ հուղարկավորությունը շատ խոշոր քաղաքական ցույցի պիտի վերածվի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռոբեր Հատտեճյանը: - «Ընտանիքի անդամները պահանջել են, որ կարգախոսներ, վերտառություններ չլինեն, [Պոլսո] Պատրիարքը եւս հրահանգել է քաղաքական երանգ չտալ, բայցեւայնպես, կարծում ենք, որ շատ մեծ բազմություն է հավաքվելու»:

Դինքին նախ վերջին հրաժեշտը կտան «Ակոս»-ի խմբագրատան մոտ, ապա լրագրողի աճյունը կտեղափոխվի Գումգաբու թաղամաս` Սուրբ Մարիամ աթոռանիստ եկեղեցի: Այստեղից թափորը կանցնի Բալըքլի հայկական գերեզմանատուն, ուր եւ կամփոփվի Դինքի աճյունը:

Ակնկալվում է, որ հուղարկավորությանը կմասնակցեն բազմաթիվ թուրք պետական պաշտոնյաներ:

«Մամուլում անգամ պահանջներ հնչեցին, որ հանրապետության նախագահն ու վարչապետը մասնակցեն: Վարչապետը, սակայն, չի կարող ներկա գտնվել, քանի որ նույն օրը Իտալիայի վարչապետի հետ համատեղ բացելու է Բոլուի թունելը», - ասաց Ռոբեր Հատտեճյանը՝ հավելելով. - «Բայց, անկասկած, բազմաթիվ նախարարներ ու պատգամավորներ կմասնակցեն Դինքի հուղարկավորությանը»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG