Մատչելիության հղումներ

Իրաքի թեման առանցքային տեղ կունենա Ջորջ Բուշի ամենամյա ուղերձում


Այսօր երեկոյան ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Կոնգրեսի երկու պալատների առջեւ հանդես կգա 2007 թվականի տարեկան ուղերձով, որի հիմնական թեմաներից մեկը կլինի Իրաքի պատերազմը: Մասնավորապես, Բուշը կխոսի Իրաք լրացուցիչ 21500 զինծառայող ուղարկելու ծրագրի մասին, որը քննադատում են մեծ թվով օրենսդիրներ՝ թե դեմոկրատ եւ թե հանրապետական:

Վերլուծաբանները նշում են, որ վերջին ժամանակաշրջանում Բուշի վարկանիշը 30 տոկոսի անկում է գրանցել, ինչը բացատրվում է Իրաքյան պատերազմում զոհերով, Իրաքում տիրող քաոսով եւ հսկայական գումարներով, որը Միացյալ Նահանգները ծախսում է ռազմական գործողությունների համար:

Քորթլենդի համալսարանի քաղաքագիտության բաժնի պրոֆեսոր Ռոբերտ Սփիթցերի կարծիքով, Բուշը տհաճ կացության մեջ է հայտնվել:

«Հիմա նա այնպիսի վիճակում է, երբ կարող է ստիպված լինել իր նախաձեռնությունները Կոնգրեսում առաջ տանելու փոխարեն արգելափակել դեմոկրատների քայլերը, որովհետեւ նա այնտեղ անհրաժեշտ աջակցություն չունի», - ասել է պրոֆեսորը:

Սփիթցերի համոզմամբ, Բուշը, անշուշտ, կխոսի նաեւ ներքաղաքական խնդիրների մասին, սակայն դժվար թե ներկայացնի սկզբունքային նոր նախաձեռնություններ իր երկրորդ պաշտոնավարման նախավերջին ամենամյա զեկույցում:

Բուշը, ամերիկյան քաղաքական տերմինաբանությամբ, այժմ համարվում է «lame duck», այսինքն՝ «կաղ բադ»: Այդպես են անվանում պաշտոնավարումն ավարտող նախագահներին, որոնք այլեւս չեն կարող վերընտրվել: Այդ ժամանակաշրջանում հանրության ուշադրության կենտրոնում ոչ այնքան Սպիտակ տունն է, որքան այն քաղաքական լիդերները, որոնք պատրաստվում են պայքարել նախագահության համար:

«Նա կխոսի ներքին հարցերի մասին, որովհետեւ քաղաքականության տեսակետից պարտադրված է խոսել, բայց իր կողմից չի գործադրի մեծ ջանքեր, Կոնգրեսն էլ առանձնապես հակված չի լինի դրանք ընկալել», - ասել է պրոֆեսոր Սփիթցերը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG