Մատչելիության հղումներ

logo-print

Թուրք ուսանողուհին վստահ է, որ մարդասպանի հետեւում կանգնած են ազգայնական ուժեր


«Թուրք երիտասարդներից շատերը տեղյակ չեն Հրանտ Դինքի սպանության մասին, նրանք չեն էլ պատկերացնում, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ այս սպանությունը Թուրքիայի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Անկարայի համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողուհի 20-ամյա Օզգե Դոգանը:

«Եթե թուրք երիտասարդությունը եւ ընդհանրապես թուրք ժողովուրդը իսկապես մտածեր Թուրքիայում սաստկացող ազգայնամոլության մասին, գուցեեւ նման բան տեղի չունենար», - շարունակեց նա: - «Այո, Հրանտ Դինքին սպանել է այդ 17-ամյա տղան, բայց ես չեմ կարծում, որ միայն նա էր ուզում սպանել լրագրողին: Անշուշտ, կան մարդիկ, որոշ ազգայնական ուժեր, որոնք կանգնած են այդ երիտասարդի ետեւում»:

Երիտասարդ թրքուհու փոխանցմամբ, Թուրքիայում կան որոշ ուժեր, կազմակերպություններ, որոնք խրախուսում են նմանատիպ սպանությունները: Նա ասաց, թե Հրանտ Դինքը միակը չէր, ով սպանվեց իր մտածելակերպի համար. մի շարք թուրք լրագրողներ ու գիտնականներ իրենց հայացքների համար նույնպես սպանվել են այդ խմբավորումների կողմից:

Այդուհանդերձ, Դոգանի խոսքերով, «ազգայնականները Թուրքիայում ընդհանրապես չեն հանդուրժում ոչ մահմեդականներին». - «Եվ դրա ապացույցը նաեւ այն է, որ 17-ամյա երիտասարդը Հրանտ Դինքին սպանելուց հետո ասել է, որ ինքը սպանել է ոչ մահմեդականի, սպանել է հայի»:

Անկարայի համալսարանի մեկ այլ ուսանողուհի` Էլվին Ինջեն նույնպես այն կարծիքին է, որ այս սպանությունը Թուրքիայում ահագնացող ազգայնամոլության արդյունք է, Թուրքիայում ապրող փոքրամասնությունների դեմ հրահրված ատելության արդյունք. - «Ստամբուլում, Թուրքիայում բոլոր փոքրամասնությունների նկատմամբ ատելություն կա: Առաջին հերթին` հայերի, հետո` հրեաների, իսկ հետո` հույների հանդեպ»:

Էլվինի խոսքերով, ազգայնական ուժերը իրենց գաղափարախոսությունը տարածում են հիմնականում ինտերնետի միջոցով. Հրանտ Դինքին սպանած երիտասարդը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ հատկապես տպավորվել է ինտերնետի միջոցով Հրանտ Դինքի դեմ իրականացվող քարոզչությունից:

Երիտասարդ թրքուհու համոզմամբ, կատարվածը թուրքական մամուլի անպատասխանատվության արդյունք է. - «Մամուլը ատելություն է բորբոքում առաջին հերթին հայերի նկատմամբ եւ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ազգությամբ թուրք չեն ու մահմեդական չեն»:

Անկարայի համալսարանի այս երկու ուսանողուհիների վստահեցմամբ, ազգայնական գաղափարախոսությամբ տարված երիտասարդները մեծամասնություն չեն կազմում Թուրքիայում: Բայց այդ ծայրահեղական ուժերը խոսում են, ելույթներ են ունենում լրատվամիջոցներով եւ, բնականաբար, իրենց ազդեցությունը թողնում մարդկանց վրա, հատկապես նրանց վրա, ովքեր տեղյակ չեն, թե իրականում ինչ է տեղի ունենում Թուրքիայում:

Էլվին Ինջեն անձամբ ճանաչել է Հրանտ Դինքին. - «Նա պայքարում էր Թուրքիայում ապրող հայերի իրավունքների համար: Նա շատ լավ լրագրող էր եւ լավ մարդ: Ես նրան շատ էի սիրում եւ իսկապես անկեղծ արտասվել եմ նրա սպանության մասին լուրն իմանալուց հետո»:

Էլվինն ասաց, որ մեկնելու է Ստամբուլ` մասնակցելու Հրանտ Դինքի հուղարկավորությանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG