Մատչելիության հղումներ

Արա Գոչունյան. «Ոստիկանության օպերատիվությունը վկայում է դեպքը բացահայտելու պատրաստակամության մասին»


Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի փոխանցմամբ, Թուրքիայում բնակվող հայերը մեծ ցավ են ապրում «Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ: «Առաջին անգամ է, որ մահափորձի զոհ է դառնում հայ մտավորականը: Դա զգացական ցնցում է առաջացրել: Այս պահին, որքան էլ ցանկանանք, չենք կարող ձերբազատվել զգացականության ազդեցությունից: Բայց վստահ եմ, որ առաջիկա օրերին, երբ կյանքը հետզհետե նորմալանա, մեզ կմնա մեր գործով, հետեւողական աշխատանքով հարգել մեր գործընկերոջ եւ բարեկամի՝ Հրանտ Դինքի հիշատակը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գոչունյանը` հավելելով, որ համայնքը, ցավ զգալով հանդերձ, այսօրվանից խուսափում է դրսեւորել այնպիսի արձագանք, որը կարող է վնաս բերել:

Հարցին, թե արդյո՞ք համայնքը վստահում է թուրք իրավապահներին, Արա Գոչունյանը պատասխանեց. - «Ինձ թվում է, որ այս գործի վերաբերյալ ոստիկանության ցուցաբերած օպերատիվությունը վկայում է անկեղծության մասին: Դա նրանց աշխատանքի լրջության եւ դեպքը բացահայտելու պատրաստակամության զգացումի մեծագույն փաստն է, որովհետեւ կարճ ժամանակահատվածում ձերբակալվեց անձը, որը խոստովանեց, որ կատարել է այս հակամարդկային արարքը: Օրենքով նախատեսված կարգն այս պահին ընթացքի մեջ է»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG