Մատչելիության հղումներ

Վարդգես Եղիայանը դժգոհ է «Դոյչե Բանկ»-ի դեմ հարուցված գործի ընթացքից


Վարդգես Եղիայանը, որը ներկայացնում է այն իրավաբանական խումբը, որի ջանքերի շնորհիվ Ցեղասպանության զոհերի ժառանգները արդեն ստանում են փոխհատուցումները New York Life ապահովագրական ընկերությունից, դժգոհ է նույն հարցով «Դոյչե Բանկ»-ի դեմ հարուցած գործի ընթացքից:

«Շատ դժվարություններ են հարուցում [«Դոյչե Բանկ»-ը]», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Եղիայանը: - «Օրինակ, մերժում են որեւէ փաստաթուղթ մեզ տրամադրել: Չլսված բան է դա»:

Նա ասաց նաեւ, որ գերմանացի պատմաբան Հիլմար Կայզերը, որը համագործակցել էր իրավաբանական խմբի հետ, ստացել էր թուրքական արխիվներում Հայոց ցեղասպանության շուրջ ուսումնասիրություններ կատարելու հնարավորություն, դասախոսություններով հանդես էր եկել հայկական մի շարք հաստատություններում, այժմ անցել է «Դոյչե Բանկ»-ի կողմը:

«Նա նախ աշխատեց ինձ համար` «Դոյչե Բանկ»-ի դեմ փաստաթղթեր հավաքեց: Հիմա ճիշտ հակառակն է դարձել», - ասաց փաստաբանը` հավելելով, որ առաջիկա դատին Կայզերը ներկայացնելու է «Դոյչե Բանկ»-ը, եւ իրենք միջնորդելու են, որպեսզի դա նրան թույլ չտրվի. - «Որովհետեւ մեզ համար աշխատել է, մեր գաղտնիքները գիտի»:

Վարդգես Եղիայանը հավատացած է, որ Հայոց ցեղասպանության տարիներին հայերի կողմից պահ տրված գումարները հետ չվերադարձնելու «խաղերը» պարտություն են կրելու. - «Ես կարծում եմ, որ մենք պիտի շահենք»:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG