Մատչելիության հղումներ

Բաղդադ է ժամանել ամերիկյան լրացուցիչ զորքերի 3200-հոգանոց թվակազմը


Կիրակի օրը ամերիկյան զորքերի 3200-հոգանոց հավելյալ թվակազմ է ժամանել Բաղդադ: Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչ, գեներալ Ռեյ Օդիերնոն հայտարարել է, որ նոր զորքերը իրենց առաքելության իրականացմանը կանցնեն փետրվարի 1-ից:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, նոր ուժերի ժամանման նախօրեին՝ շաբաթ օրը, Իրաքում առնվազն 25 ամերիկացի զինծառայողներ են զոհվել, ինչը մեկ օրում ամերիկյան զորքերի կրած ամենամեծ կորուստն է 2005 թվականի հունվարի 26-ին 36 զինծառայողների զոհվելուց ի վեր:

Այսպիսով, համաձայն Պենտագոնի տվյալների, Իրաքյան պատերազմում ամերիկյան զորքերի մարդկային կորուստները հասան 3050-ի:

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի իրաքյան նոր ռազմավարության համաձայն, նախատեսվում է Իրաք ուղարկել 21500 թվակազմով հավելյալ զորքեր:

Ռազմավարությունը արժանացել է ներկայումս Կոնգրեսի երկու պալատներում մեծամասնություն կազմող դեմոկրատների, ինչպես նաեւ ամերիկյան հասարակության մեծամասնության խիստ քննադատությանը, սակայն Բուշը հայտարարել է, թե մտադիր է իրականացնել այդ ծրագիրը՝ անկախ դրա նկատմամբ Կոնգրեսի դիրքորոշումից:

Միաժամանակ, Բուշը այսօր հերքել է կանխատեսումները, թե ամերիկյան զորքերը Իրաքից դուրս են գալու մինչեւ ամառվա վերջ, եւ հայտարարել է, թե իր համար ընդունելի չէ դուրսբերման որեւէ ժամանակացույց:

«Մենք ժամանակացույցներ չենք սահմանում, քանի որ թշնամին կարող է ճշգրտել իր գործողությունները՝ հիմնվելով Միացյալ Նահանգների սպասվող գործողությունների վրա», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG