Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի սպանության համար ձերբակալված 17-ամյա Օգյուն Սամասթը ընդունել է իր հանցանքը


«Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար ձերբակալվել է 17-ամյա գործազուրկ Օգյուն Սամասթը: Նա խոստովանել է իր հանցանքը՝ ասելով. - «Ես կարդացի Ինտերնետում, որ նա [Դինքը] ասել է . - «Ես Թուրքիայից եմ, բայց թուրքական արյունը կեղտոտ է», եւ որոշեցի սպանել նրան»: «Ռոյթերզ» գործակալության վկայությամբ, Սամասթը հայտարարել է նաեւ, թե չի զղջում արածի համար:

Օգյուն Սամասթին թուրքական ոստիկանությունը ձերբակալել է սպանության հաջորդ օրը Սամսունի ավտոկայանում՝ Տրապիզոն մեկնող ավտոբուսում: Նրա մոտ ատրճանակ է հայտնաբերվել, որով էլ, ինչպես ցույց է տվել հետագա փորձաքննությունը, կատարվել էր սպանությունը:

Թուրքական մամուլի հաղորդմամբ, Տրապիզոնում ապրում է Սամասթի հայրը, իսկ ինքը Օգյուն Սամասթը ապրում էր Ստամբուլում՝ ազգականի մոտ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Չիհան» լրատվական գործակալությունը, Սամասթը չորս ամիս նախապատրաստվել էր Դինքի սպանությանը՝ Տրապիզոնի մոտակա անտառներից մեկում կրակելով: Նա իր մոտ պահել է Դինքի լուսանկարները՝ նրան ճանաչելու համար:

CNN Turk-ը հաղորդում է, որ Տրապիզոնում առնվազն 12 մարդ է ձերբակալվել Դինքի սպանության կապակցությամբ: Նրանցից 6-ը հարցաքննության համար տեղափոխվել են Ստամբուլ:

Կասկածյալներից Յասին Հայալը նախկինում 11 ամսով ազատազրկվել էր՝ 2004 թվականին Տրապիզոնում McDonalds ռեստորանի ռմբահարման գործով:

Հայալն էր զենքը տվել Սամասթին, եւ վերջինս սպանությունից առաջ նրա հետ խոսել էր հեռախոսով:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, թուրքական ոստիկանությունը քննում է Օգյուն Սամասթի հնարավոր կապը ծայրահեղ ազգայնական խմբավորումների հետ:

Հրանտ Դինքը սպանվել է ուրբաթ օրը՝ իր թերթի խմբագրատան դիմաց:

Անվտանգության համակարգի տեսախցիկն արձանագրել էր մարդասպանին, եւ այդ կադրերի օգնությամբ էլ հաջողվել է արագ հայտնաբերել Սամասթին:

«Ակոս»-ի խմբագրապետի դեմ «թուրքական ինքնությունը վիրավորելու» հոդվածով մի քանի անգամ դատական գործ էր հարուցվել, իսկ 2005 թվականին նա այդ հոդվածով դատապարտվել էր 6 ամսվա պայմանական ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG