Մատչելիության հղումներ

Հայկական բոլոր եկեղեցիներում վաղը հոգեհանգստի արարողություն է տեղի ունենալու


Էջմիածնում եւ աշխարհի բոլոր եկեղեցիներում կիրակի օրը հոգեհանգստի արարողություն է տեղի ունենալու՝ ի հիշատակ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի, որը երեկ սպանվել է Ստամբուլում:

Ինչպես ասված է Մայր Աթոռից այսօր ստացված հաղորդագրության մեջ, «Հունվարի 21֊-ին Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերում Սուրբ եւ Անմահ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան մասնավոր պաշտոն բարեհիշատակ Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար»:

Հրանտ Դինքի հարազատներին ցավակցական նամակ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

«Սգում ենք մեր ողջ ժողովրդի հետ կորուստը եւս մեկ մտավորական անմեղ զոհի: Խորին վրդովմունքով դատապարտում ենք դավադիր այս սպանությունը, որը մեր ժողովրդից խլեց շնորհալի, քաջասիրտ իր զավակին, ով իր գրիչը հավատով ծառայեցնում էր ի սեր արդար ու ազատ, խաղաղ կյանքի եւ ավելի լավ աշխարհի»,֊ - ասված է նամակում:

Վեհափառը նաեւ հույս է հայտնել, որ «Թուրքիայի իշխանությունները կբացահայտեն եւ օրենքի խստությամբ կպատժեն հանցագործներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG