Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-֊ը փաստում է, որ «Հրանտ Դինքը, պայքարելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, իրականում ավելի շատ պայքարել է հանուն Թուրքիայի ժողովրդավարության եւ խոսքի ազատության». - «Ասոշիեյթեդ փրես»-֊ին հարցազրույց տալիս Դինքը սկսել է լաց լինել, երբ խոսել է այն մասին, թե ինչպես են իրեն ատում իր որոշ համերկրացիներ՝ պնդելով, որ ինքը չպիտի ապրի Թուրքիայում: «Ես երբեք չեմ լքի այս երկիրը: Եթե ես գնամ, այնպիսի զգացողություն կունենամ, թե միայնակ եմ թողնում այն մարդկանց, ովքեր պայքարում են այս երկրում ժողովրդավարության հաստատման համար, դա կլինի դավաճանություն»,֊ - ասել է Դինքը»:

«Հայք»-֊ի խմբագրականում նշված է.֊ - «Ակնհայտ է եւ անվիճելի, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում կանգնած են այն ուժերը, որոնք դեմ են հայ֊-թուրքական հարաբերությունների բարելավմանը եւ ամեն ինչ անում են երկու ժողովուրդների միջեւ առկա անդունդը խորացնելու համար: Իհարկե, այժմ հայ եւ թուրք «հայրենասեր» ծայրահեղականները հանդես կգան համապատասխանաբար հակաթուրքական եւ հակահայկական սուր հայտարարություններով եւ հերթական անգամ իրենց բավարարված կզգան»:

Իսկ «Առավոտ»-֊ը մեջբերել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքը.֊ - «Նշանակություն չունի, թե սպանություն կատարողն ինչ ազգության ներկայացուցիչ է: Կարեւորը, ըստ իս, այն է, թե ո՞վ է պատվիրատուն: Կասկած չունեմ, որ պատվիրատուն այն ուժը կամ այն պետությունն է, որը, նախ, դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, երկրորդ՝ դեմ է հայ֊-թուրքական հարաբերությունների բարելավմանը»:

«Ըստ լավատեղյակ աղբյուրների` Քոչարյանը ապագա նախագահական աթոռին ցանկանում է տեսնել լրիվ «չուժոյ» մեկին, որը կհայտնվի վերջին պահին ու կխախտի բոլոր հաշվարկները», - գրում է «Ժամանակ - Երեւան» թերթը` բացահայտելով. - «Այդ մեկը Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդուարդ Նալբանդյանն է: Ըստ նույն աղբյուրների` այդ թեկնածությունն ամբողջովին տեղավորվում է արեւմտա-ռուսական «օսի» մեջ, որովհետեւ ընդդեմ Նալբանդյանի Ռուսաստանը ոչինչ չունի: Ավելին` շատ կուզենա նման մեկը Քոչարյանից հետո «ղեկավարի» Հայաստանը, այսինքն` Ռուսաստանի ֆորպոստը. Էդուարդ Նալբանդյանի հայրը ԳՌՈւ-ի գեներալ է, Եվգենի Պրիմակովի «հարազատ» ընկերը: Բայց ոնց երեւում է` այս իշխանությունների համար տիեզերքը կրկնում է չսովորած դասը. ըստ «տեղյակների»` Էդուարդ Նալբանդյանը չունի ՀՀ քաղաքացիություն, նա Ռուսաստանի քաղաքացի է»:

«Ազգ» թերթը մեջբերում է «Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի հարցումների վերջին արդյունքները. - «60 տոկոսն արդեն պատրաստ է մասնակցել ընտրություններին, մեկ երրորդն արդեն գիտի ում է ընտրելու: Վերջինս թերթ կարդացող, քաղաքականություն քննարկող, ակտիվ զանգվածն է: Եթե հետազոտության տվյալներին հավատանք, ապա բնակչության 9 տոկոսը կուսակցության անդամ է: Սակայն, ըստ Ահարոն Ադիբեկյանի, այս նիշը չափազանցված է, քանի որ իրենց կուսակցականներ են հայտարարում նաեւ այն մարդիկ, որոնց դուռը ծեծել եւ առաջարկել են որեւէ կուսակցության անդամ դառնալ: Իրենք էլ ընդամենը համաձայնել են` սպասելով նախընտրական ցուցումների: Հարցվողների երկու երրորդը կասկածում է, որ Հայաստանում հնարավոր է անցկացնել արդար ընտրություններ»:

«Չորրորդ իշխանություն»-ը զետեղել է հայտնի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի նամակը 21-րդ դարի անհայտ դպիրին. - «Սիրելի դպիր, օրերս մամուլում կարդալով «Բարգավաճ Հայաստան»-ի վարկանիշի վերաբերյալ վերջին սոցիոլոգիական հետազոտությունները, ես տեսա դրանցում իմ հարաբերականության տեսության եւս մեկ ապացույց: Սակայն, քանի որ իմ մեջ մտավախություն ծնվեց, որ մոտ ապագայում սոցհարցումների արդյունքներով «Բարգավաճ Հայաստան»-ի վարկանիշը կարող է գերազանցել 100 տոկոսը, սկսեցի գրել հարաբերականության տեսության երրորդ մասը` «հարաբերականության հայկական տեսություն»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG