Մատչելիության հղումներ

logo-print

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբ. «Թուրքիան սպանեց Հրանտ Դինքին»


«Թուրքիան սպանեց Հրանտ Դինքին», - այսպես է վերնագրված «Ակոս» թերթի խմբագրապետի սպանության կապակցությամբ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը:

«Այս արգահատելի սպանությունը մեկ անգամ եւս ապացուցում է, որ ազգայնամոլությունը խորը արմատներ ունի Թուրքիայում», - հայտարարել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը:

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը համոզմունք է հայտնում, որ ինչ էլ բացահայտի գործի քննությունը, «թուրքական պետությունը մեծագույն պատասխանատվություն է կրում այս սպանության համար», եւ դատապարտում է Թուրքիայի իշխանություններին՝ լրագրողների եւ մտավորականների անվտանգությունն ապահովելու անընդունակության համար:

«Երբ սեփական բնակչությանը ատելություն ես ուսուցանում այլոց հանդեպ, երբ արդեն մեկ դար շարունակ երեխաներին ներարկում ես թուրքերի գերագույն ազգ լինելու գաղափարը, երբ այսօր սեփական տարածքում արտոնում եւ հանդուրժում ես ծայրահեղական աջ կազմավորումները, պետք չէ զարմանալ, որ նման գործողություններ են ուղղվում որեւէ հայի դեմ», - հայտարարել է Հիլդա Չոբոյանը:

Մատնանշելով, որ «Թուրքիայի պետական ուղեգծին հակադրվող տասնյակ «այլախոհների» մեջ հենց հայն է դարձել մարդասպանների թիրախը», Հայ դատի հանձնախմբի ատենապետը համոզմունք է հայտնել, որ «այս կանխամտածված ակտը միտված է հայ համայնքը ահ ու սարսափի մթնոլորտում պահելուն՝ ակնհայտ ցույց տալու բոլորին, որ խոսքի ազատության եւ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու հարցում կան սահմաններ, որոնք չի կարելի անցնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG