Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը բացառում է բանակում պարտադրանքը Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում


Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը բացառեց, թե զինծառայողները գալիք ԱԺ ընտրություններում կարող են պարտադրանքի ենթարկվել:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք շարքային զինծառայողներին չեն պարտադրի քվեարկել ՀՀԿ-ի օգտին, նախարարը պատասխանեց. - «Բացառում եմ: Ես չեմ բացառում, որ կարող է ներսում սպաները փորձեն քարոզարշավ ծավալել, փորձեն զինվորների համակրանքը թեքել դեպի այս կամ այն կուսակցություն»:

Պաշտպանության նախարարը բացառեց նաեւ ճնշումները բանակի հրամանատարական կազմի վրա. - «9 տարի ես պաշտպանության նախարար եմ եղել, եւ եթե որեւէ մի հրամանատար կասի, թե ես նրան ցուցում եմ տվել` որ կուսակցության համար կազմակերպել քվեարկություն, ապա ես ամենից անազնիվ մարդն եմ աշխարհում: Այլ խնդիր է, որ հրամանատարները տեսնում են նախարարի քաղաքական կողմնորոշվածությունը եւ անում են համապատասխան ենթադրություններ: Ես որեւէ վատ բան չեմ տեսնում, որ բանակի հրամանատարական կազմը ունի համահունչ հայացքներ»:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը պնդեց, որ տարեցտարի նվազում են բանակում սպանություններն ու զոհերի թիվը: Անցած տարի զոհվել է 33 զինծառայող (2005-ին` 47 զինծառայող):

Ի պատասխան լրագրողների խնդրանքի` մեկնաբանել «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հայտարարությունը, թե պաշտպանության նախարարի հարազատները փորձել են մահափորձ կազմակերպել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ, Սերժ Սարգսյանը ասաց. - «Այդ անձնավորության մասին ես արտահայտվել եմ 1-1,5 տարի առաջ եւ ասել եմ, որ նա դհոլի պես դատարկ մարդ է: Դատարկ մարդու ասածները ի՞նչ մեկնաբանեմ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG