Մատչելիության հղումներ

logo-print

Չարենցավանի քաղաքապետի ընտրություններում կքվեարկվի միայն Կոտայքի մարզպետի որդու թեկնածությունը


Չարենցավանի քաղաքապետի ընտրություններում Միավորված աշխատանքային կուսակցությունից առաջադրված թեկնածու Արթուր Գալստյանը հինգշաբթի երեկոյան ինքնաբացարկ հայտարարեց: Այդպիսով, հունվարի 28-ին կքվեարկվի միակ թեկնածուն՝ անկուսակցական Հակոբ Շահգալդյանը, որը Կոտայքի մարզպետ, հանրապետական Կովալենկո Շահգալդյանի որդին է:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում նախկին թեկնածուն իր ինքնաբացարկը այսպես հիմնավորեց. - «Ես զգացի, որ քաղաքում բախումներ են հնարավոր՝ արդեն նման տրամադրություններ էին զգացվում, երկու թիմերը դուրս էին եկել միմյանց դեմ: Զգալով դա, զգալով, որ մթնոլորտը թեժանում է եւ ես ոչինչ չեմ կարող անել՝ դիմեցի մեր կուսակցությանը, կուսակցությունն էլ որոշում ընդունեց հրաժարվել թեկնածությունից»:

Նա հերքեց լուրերը, թե թեկնածությունը հանել է ճնշման տակ:

Միավորված աշխատանքային կուսակցությունից փոխանցեցին, որ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը մտադիր է պարզաբանումներ տալ լրագրողներին, սակայն դժվարացան կոնկրետ ժամկետներ նշել:

Արթուր Գալստյանին սատարող չարենցավանցիները մտադիր են չհնազանդվել եւ առաջիկա օրերին փակել Երեւան - Չարենցավան մայրուղին: Նրանք վստահ են, որ եթե Գալստյանը չհաներ թեկնածությունը, ապա ձայների ճնշող մեծամասնությամբ կընտրվեր: Դրա համար էլ, ըստ նրանց, հակառակ կողմը «վախեցավ եւ պահանջեց հանել թեկնածությունը»:

Քաղաքի բնակիչներից ոմանք էլ վստահ էին,որ սա նախապես կազմված սցենար էր, այդ պատճառով էլ գործող քաղաքապետ Ռուդոլֆ Մնացականյանը, թեեւ երկու անգամ ընտրվել է, սակայն երրորդ անգամ չցանկացավ առաջադրվել եւ մրցել մարզպետի որդու հետ:

Ռուդոլֆ Մնացականյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «թեեւ արդեն հոգնել է, քանի որ պաշտոնավարում է արդեն 6 տարի», սակայն հնարավոր է առաջադրեր թեկնածությունը՝ «եթե մաքուր ընտրություններ լինեին, եթե ուրիշ բաների հետ չկապվեր»:

«Պարզապես ժողովրդին արդեն սովորեցրել ենք, չեն գնում ընտրությունների, մինչեւ չշահագրգռես ինչ-որ ձեւով», - հայտարարեց նա՝ հավելելով. - «Դե, սա նորություն չէ, ողջ հասարակությունն է այդպիսին, 96, 98 թվականներից նույն բաները կրկնվում են»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG