Մատչելիության հղումներ

Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) վարչության խորհուրդը որոշում է ընդունել ստեղծել խորհուրդ, որը կփորձի համախմբել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, շարժումներին: Կուսակցությունը դեռեւս չի որոշել՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ խորհրդարանական ընտրություններին:

Միաժամանակ, ԱԺՄ-ի նախագահ Վազգեն Մանուկյանի հայացքով` «միասնական դաշինքով, միասնական ցուցակով գնալը հնարավոր չէ»:

Ստեղծվելիք խորհուրդը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Վազգեն Մանուկյանը, նախընտրական դաշինք չէ. բայց «բոլորին միավորող պլատֆորմ է մշակում». - «Անկախ նրանից` ով է դեպի լիբերալիզմ թեքված, ՆԱՏՕ, Ռուսաստան եւ այլն, բայց կան ընդհանուր սկզբունքներ պետական կյանքը կառուցելու համար` օրինական իշխանություն, հանրաքվեի իրավունք, դատական համակարգ, մոնոպոլիաների ոչնչացում եւ այլն»:

«Իրար հետ պայմանավորվածություն կա, որ այն ուժերը, որոնք կանցնեն Ազգային ժողով, այնտեղ միասնական իրականացնելու են այդ գիծը եւ հանդես են գալու որպես միասնական ուժ», - ասաց Մանուկյանը` շարունակելով. - «Կարող է լինեն կուսակցություններ, որոնք կորոշեն չմասնակցել ընտրություններին: Կլինեն կուսակցություններ, որոնք կկազմեն տարբեր բլոկներ»:

Հարցին, թե ի՞նչն է խանգարում միասնական ընդդիմադիր դաշինք ստեղծելուն, ԱԺՄ-ի նախագահը պատասխանեց. - «Ե'վ լիդերի հարցն է, ե'ւ ուժեր կան, որոնք իրար հետ միասին դժվար են աշխատում: Եվ կան ուժեր, որոնք մտածում են, թե ինքնուրույն հաղթահարելու են` ինչո՞ւ ուրիշների նկատմամբ պարտավորություններ վերցնեն»:

ԱԺՄ-ի վարչությունը առաջարկում է նաեւ «ընտրակեղծիքների դեմ մինչեւ վերջ միասնական պայքար», ընտրությունների իրական արդյունքի ամրագրման հարցում չհաջողելու դեպքում` «բոյկոտ ու ստացած մանդատներից հրաժարում», մեծամասնական ընտրատարածքներում իրար դեմ թեկնածուներ չառաջադրել ու միասնաբար պայքարել ընդդիմության թեկնածուի համար:

«Եթե այս խորհուրդը ստեղծվի եւ եթե այս խորհրդի ներսում մեզ համար հարազատ քիչ թե շատ տանելի իրար հետ միասնական ճանապարհով գնացող կուսակցությունների հետ մենք կարողանանք բլոկ կազմել, մենք [ԱԺՄ-ն] կմասնակցենք ընտրություններին», - ասաց Մանուկյանը` հնարավոր դաշնակիցների շարքում նշելով Սամվել Բաբայանի «Դաշինք», Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունները, Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն: - «Կան այն հարազատ ուժերը, որոնց մտածողության տարբերությունները այդքան մեծ չեն եւ որոնց կարելի է միավորել»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG