Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հետամուտ է լինելու, որ Մատաղիսի գործում «իրադրությունը պարզվի»


Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը բացասական վերաբերմունք ունի Մատաղիսի զորամասում երկու զինծառայողների սպանության գործի նկատմամբ, որի շրջանակներում մեղադրվեցին եւ ցմահ ազատազրկման դատապարտվեցին երեք երիտասարդներ, իսկ Վճռաբեկ դատարանը նրանց անհապաղ ազատ արձակելու որոշում կայացրեց:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Սերժ Սարգսյանը ասաց. - «Իմ վերաբերմունքը, իհարկե, բացասական է հետեւյալ առումով՝ որ երկու ատյանի դատարաններ դատապարտել են այդ տղաներին՝ մեր զինվորներին, իսկ մի ատյանը արդարացրել է կամ գործը վերադարձրել է լրացուցիչ քննության: Ինձ մոտ՝ որպես պաշտպանության նախարարի, հարց է առաջանում. ո՞ր ատյանն է ճիշտ գործել, եւ ո՞ր ատյանը՝ սխալ»:

Նախարարի կարծիքով, «արդար կլինի, որ կամ առաջին եւ երկրորդ ատյանի դատավորները պատժվեն, ովքեր սխալ որոշում են կայացրել, եւ խրախուսվի երրորդ ատյանի՝ Վճռաբեկի դատավորը, կամ՝ հակառակը»:

«Չի կարող, չէ՞. առաջին ատյանը 15 տարի է տվել, երկրորդ ատյանը՝ ցմահ, այսինքն, շատ վստահ է եղել, որ գործը շատ օբյեկտիվ է քննվել, իսկ հաջորդ ատյանը՝ հակառակը», - շեշտեց Սերժ Սարգսյանը եւ հավելեց. - «Այնպես որ, ես այստեղ պահանջատեր կողմ եմ եւ պետք է հետամուտ լինեմ, որ իրադրությունը պարզվի: Իսկ արդյոք այդ տղաներն են իրական հանցագործները, թե ոչ՝ ես չեմ կարող ասել, որովհետեւ ոչ քննիչ եմ, ոչ դատախազ եւ ոչ էլ դատավոր՝ ի ուրախություն ինձ»:

«Ինչպես գիտեք, ե’ւ զինդատախազությունը, ե’ւ զինվորական գործեր քննող դատարանները պաշտպանության նախարարության հետ որեւէ առնչություն չունեն: Նրանք դուրս են պաշտպանության նախարարության հսկողությունից եւ գործում են ամբողջովին ինքնուրույն», - հայտարարեց նախարարը եւ վստահեցրեց. - «Որեւէ անգամ որեւէ գործով, նույնիսկ՝ ոչ զինվորների հետ կապված, ես որեւէ դատավորի հետ չեմ խոսել, որեւէ մեկի համար չեմ միջնորդել եւ նպատակ էլ չունեմ միջնորդել: Դա նրանց գործն է»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG