Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցելու է հունվարի 24-28-ը անցկացվելիք Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին, որի հիմնական թեման է` «Ուժերի գլոբալ հավասարակշռության խաթարումը»:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականը, այս տարի ֆորումին կմասնակցեն 2400 պատվիրակներ աշխարհի 90 երկրներից, այդ թվում՝ պետությունների եւ կառավարությունների 24 ղեկավարներ, ութ տասնյակից ավելի նախարարներ, ինչպես նաեւ կրոնական առաջնորդներ եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ֆորումի մասնակիցների թվում կլինեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյրը, Պաղեստինի վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասը, Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը, Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրայբերգան, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Դավոսում կհավաքվեն աշխարհի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ՝ խոշոր բիզնեսի մոտ 800 ներկայացուցիչներ:

Համաժողովի բացման ժամանակ ելույթ կունենա Եվրամիությունում եւ «Մեծ ութնյակում» նախագահող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, այս տարի Դավոսի ֆորումի քննարկման առարկա կլինեն ասիական երկրների տնտեսական աճը, տնտեսական լանդշաֆտի ընդհանուր փոփոխությունը, ինչպես նաեւ իրավիճակը Իրաքում եւ Մերձավոր Արեւելքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG