Մատչելիության հղումներ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը այսօրվանից թափուր է


Այսօրվանից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը թափուր է: Նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանը ընտրվել է 2003 թվականի հունվարի 8-ին, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը հաշվարկվել է 2001 թվականի հունվարի 19-ից` 6 տարով. այդ օրը խորհրդի նախագահ էր ընտրվել Տիգրան Նաղդալյանը, ով 2002 թվականի դեկտեմբերի 28-ին սպանվեց:

Համաձայն Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի, թափուր տեղի առկայության դեպքում խորհրդի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թափուր տեղի համալրման համար մրցույթ։ Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։ Թեկնածուների վերաբերյալ տվյալները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով։ Նախագահը, իր կողմից հաստատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է խորհրդի անդամ։

Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքով, նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընդգրկվել խորհրդի կազմում։ Հետեւաբար, երբ թափուր տեղի համար մրցույթը հայտարարվի` Ալեքսան Հարությունյանը նույնպես կարող է թեկնածությունն առաջադրել:

Խորհրդի նախագահի տեղակալ Վարդան Կոպյանը, որը ժամանակավորապես կատարում է նախագահի պարտականությունները, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ մրցույթ դեռ չի հայտարարվել: Նա այսօր հանրապետության նախագահին գրավոր կտեղեկացնի, որ խորհրդի նախագահի պաշտոնն այլեւս թափուր է, ինչից հետո կսկսվի մրցութային գործընթացը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG