Մատչելիության հղումներ

Այն, ինչ հիմա կատարվում է Ադրբեջանում, մեկնաբաններից ոմանք արդեն անվանում են «վհուկների որս»: Պետական հեղաշրջում ծրագրելու մեղադրանքով ձերբակալված է 16 մարդ, նրանց ներկայացվել են խիստ պատիժ նախատեսող մի շարք այլ հոդվածներ եւս՝ դավաճանություն, հանցագործ խմբավորման ստեղծում, դրամանենգություն: Ըստ անվտանգության նախարարության մամլո խոսնակ Արիֆ Բաբաեւի, այդ անձանց մոտ հայտնաբերել են զենք եւ թմրամիջոցներ:

Ձերբակալության հանգամանքները, մեղադրյալների անունները այս պահին հայտնի չեն:

«Քանի որ կա դավաճանության մեղադրանք՝ որոշ մեկնաբաններ խոսում են օտար երկրների հնարավոր միջամտության մասին», - ասել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության մեկնաբան Էլխան Նասիբովը: - «Սակայն տեղի ունեցածը բնակչության սոցիալական վիճակի տեսակետից մեկնաբանողները ենթադրում են, որ այս ձերբակալություններով իշխանությունները փորձում են շեղել լայն զանգվածների ուշադրությունը, թուլացնել աննախադեպ լարվածությունը, որն ի հայտ է եկել ի պատասխան էլեկտրաէներգիայի, բենզինի, ջրի սակագները բարձրացնելու՝ կառավարության որոշման»:

Էլխան Նասիբովի փոխանցմամբ, գրեթե ամեն տարի սոցիալական լարվածության ժամանակաշրջաններում տեղի են ունենում նմանօրինակ ձերբակալություններ, ինչը բավական արժանահավատ է դարձնում հեղաշրջման մասին լուրերով հանրության ուշադրությունը շեղելու վարկածը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG