Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանի կուսակցությունը ԱԺ ընտրություններին մասնակցելու է միայնակ


Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայնակ` առանց այլ քաղաքական ուժերի հետ դաշինք կազմելու:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Բաբայանը ասաց նաեւ, որ չի բացառում անկուսակցականների, այլ կուսակցությունների անդամների ընդգրկումը «Դաշինք»-ի համամասնական ցուցակում:

Ընդդիմադիր դաշտի կուսակցությունների հետ համագործակցության վերաբերյալ Սամվել Բաբայանը ասաց. - «Եկեք առաջ չընկնենք: Բանակցություններ ենք վարում մոտ 4-5 կուսակցության հետ: Կա արդեն մի մասի հետ համաձայնություն»:

Նա չտվեց այդ կուսակցությունների անունները` ասելով. - «Մինչեւ հունվարի վերջը իրենք հայտարարելու են»:

«Սահմանադրական իրավունք» միության հետ համագործակցությունը բացառեց, քանի որ «ՍԻՄ-ի արտաքին քաղաքականությունը ուղղված է դեպի ռուսական թեւը, իսկ մենք ազգային ենք համարվում»:

Հարցին, թե ով է գլխավորելու համամասնական ցուցակը, Բաբայանը արձագանքեց. - «Իհարկե, նախագահը»:

Նա ասաց, որ թեկնածուներ են առաջադրելու նաեւ մեծամասնական ընտրակարգով (գրեթե բոլոր 41 ընտրատարածքներում), իսկ հարցին, թե քանի տոկոս ձայն են ակնկալում ստանալ, արձագանքեց. - «Եկեք թողնենք դա հասարակությանը... Ընդհանրապես, եթե հինգ տոկոս լինի, ես կարող եմ ասել, որ մենք հրաժարվելու ենք: Մենք չենք մտնում պառլամենտ ուղղակի վեց պատգամավոր ունենալու: Մենք մտնում ենք քաղաքական դաշտում փոփոխություն մտցնելու»:

Դիտարկմանը, թե «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Դաշինք»-ը տեսնում է իշխանամետ դաշտում, Բաբայանը արձագանքեց. - «Մենք ընդդիմության դաշտում ենք»:

Նա բացառեց նաեւ համախմբումը «Հանրապետություն» կուսակցության հետ` փաստարկելով, թե նրանք «ամերիկամետ են»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG