Մատչելիության հղումներ

logo-print

«Նեզավիսիմայա գազետա». «Մոսկովյան հանդիպման հետ առաջընթացի առանձնապես մեծ հույսեր չպետք է կապել»


Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը այսօր հոդված է հրապարակել հունվարի 23-ին Մոսկվայում կայանալիք Օսկանյան - Մամեդյարով հանդիպման մասին, որի հեղինակները կանխատեսել են, թե «առաջընթացի առանձնապես մեծ հույսեր հանդիպման հետ չպետք է կապել»:

«Ոչինչ չի հուշում «մոսկովյան ճեղքման» մեծ հավանականությունը, եթե համադրենք Հայաստանից ինչ-որ զիջումների՝ Բաքվի սպասումները արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարության հետ, որում ասվում է հիմնախնդրի լուծման հարցում քաղաքականության անփոփոխության մասին», - գրում են հոդվածի հեղինակները:

Նրանք մեջբերում են Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովի խոսքերը, թե «գնդակը հիմա հայկական կողմում է, քանի որ մենք մեր խոսքը ասել ենք»: Ազիմովի պնդմամբ, «կառուցողական փոփոխությունների հասնելու համար Բաքուն ընդունել է ինչ հնարավոր է»: Նա կոչ է արել միջնորդ երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, մանրակրկիտ կերպով մշակել կարգավորման սկզբունքները եւ դրանք թղթին հանձնել հետագա իրականացման համար:

«Այդ աշխատանքը կարելի է անել մեկ ամսում, բայց կարող է եւ հինգ տարում ոչինչ չփոխվել: Ամեն ինչ կախված է քաղաքական կամքից», - հայտարարել է Ազիմովը՝ կարծիք հայտնելով, թե իր երկրի նախագահ Իլհամ Ալիեւն այդ կամքը ցուցաբերել է, եւ այժմ նույնպիսի մոտեցում պետք է ցուցաբերի Հայաստանը:

Թե ի՞նչ զիջումների է պատրաստ գնալ Ադրբեջանը՝ այդ հարցում որոշակի հստակություն է մտցրել այդ երկրի արտգործնախարարության մամլո խոսնակ Թաիր Թաղիզադեն, որը, ըստ «Նեզավիսիմայա գազետա»-ի, հայտարարել է. - «Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը, բայց բացառապես Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության շրջանակներում»:

«Եթե պաշտոնական Երեւանին բավարարի Բաքվի այդ քայլը, ապա Մոսկվայում, ակնհայտորեն, կարելի է սպասել ճեղքում բանակցային գործընթացում», - ասված է հոդվածում: - «Համենայն դեպս, Ադրբեջանում վստահ են, որ պահանջվում է բոլոր տարրերի հանգամանալից քննարկում, ընդ որում՝ փոխկապակցված, որպեսզի հիմնական սկզբունքների համաձայնեցումից հետո հետագա փուլերում դրանց հիման վրա մշակվի համաձայնություն, որում չմնան անհստակություններ, դժվարություններ եւ երկիմաստություն»:

Ըստ ռուսաստանյան թերթի, Օսկանյան - Մամեդյարով հանդիպման արդյունավետության հույս է տածում նաեւ Եվրամիությունը:

«Մենք ակնկալում ենք երկու երկրների արտգործնախարարների մոսկովյան հանդիպման դրական ելք», - հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության նախագահող երկրի՝ Գերմանիայի դեսպան Պեր Ստանկինան:

«Հիմնախնդրի առնչությամբ Բաքվի եւ Երեւանի արտահայտվող դիրքորոշումների նմանությամբ հանդերձ՝ հիմնական հակասությունը, որը վերաբերում է [Ղարաբաղի] կարգավիճակին, հազիվ թե հաղթահարելի է», - գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն՝ ընդգծելով, որ եթե պաշտոնական Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղը դիտարկել միայն միասնական ադրբեջանական պետության կազմում, ապա պաշտոնական Երեւանի համար դա ի սկզբանե անընդունելի է:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մեր քաղաքականությունը անփոփոխ է մնում. պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը եւ կիրառվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի սկզբունքը», - հայտարարել է, մասնավորապես, Հայաստանի արտգործնախարարը:

«Եվ թեեւ Վարդան Օսկանյանը հայտնել է, որ բանակցությունների սեղանին հետաքրքիր առաջարկ է դրված եւ քաղաքական կամքի դրսեւորման դեպքում հնարավոր է առաջընթաց արձանագրել հակամարտության կարգավորման գործում, առաջընթացի առանձնապես մեծ հույսեր, հավանաբար, պետք չէ տածել», - ամփոփում են հոդվածի հեղինակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG