Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ներկա նախընտրական իրողություններն ուրվագծելով` «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականն այսօր գրել է. - «Նախընտրական քարոզարշավը մեզանում պաշտոնապես դեռ չի սկսվել, բայց ապագա մասնակիցներն արդեն ակտիվորեն հովանավորներ են փնտրում։ Ո՞վ կտա եւ ինչքա՞ն. այս հարցը նախորոշում է քաղաքական բոլոր կուսակցությունների ծրագրերն ու հավակնությունները։ Եվ արդեն այսօր զգացվում է. փողը տալիս են ոչ այնքան շռայլորեն, որքան նախկինում եւ մեծագույն զգուշավորությամբ: Այս ամենը, սակայն, երկրորդական հանգամանքներ են, քանզի առայժմ գտնված չէ ամենագլխավոր հարցի պատասխանը։ Ի՞նչ է հարկավոր ընտրություններում հաղթելու համար»:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականն այսօր շեշտադրել է.- «Հայաստանի ներքաղաքական կյանքի առաջիկա օրակարգը ինչպես նախկինում, այդպես էլ այսօր լուրջ բովանդակային փոփոխության չի ենթարկվում եւ պտտվում է հիմնականում երկու անձ-հարցերի շուրջ. կկարողանա՞ն արդյոք Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը խաղաղ կիսել իշխանությունը, եւ եթե այո՝ ինչպե՞ս»: Խմբագրի կարծիքով, բոլոր նրանք, ովքեր խորհրդարանական ընտրություններում կքվեարկեն ՀՀԿ-ի օգտին, կքվեարկեն նաեւ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու օգտին, «Բարգավաճ Հայաստանի» համար քվեարկողները կքվեարկեն նաեւ Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալու օգտին։ «Սա է միակ իրականությունը», - ընդգծել է թերթը։

«Թայֆաբազություն» վերնագրի ներքո նույն թերթը փոխանցում է. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից երեկ մեր թղթակցին հայտնել են, որ գալիք ԱԺ ընտրությունների իրենց համամասնական ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնելու փետրվարի 26-ին: Նախօրեին էլ Անդրանիկ Մարգարյանը ասել էր, որ ՀՀԿ-ն եւս իր ցուցակը ԿԸՀ կներկայացնի փետրվարի 26-ին: Այս հայտարարությունները, ըստ թերթի, «իրենց մեջ անօրինություն են պարունակում». - «Այն իմաստով, որ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս ընտրությունների օրը պաշտոնապես չի նշանակել, իսկ այս պայմաններում նշված կուսակցությունները արդեն որոշել են, թե երբ են ներկայացնելու իրենց ցուցակները»:

«Թեեւ մինչեւ խորհրդարանական ընտրությունները դեռեւս բավականին ժամանակ կա, բայց կուսակցությունների ընտրական ցուցակներն արդեն հիմնականում հայտնի են եւ մինչեւ ընտրությունները հազիվ թե էական փոփոխությունների ենթարկվեն», գրել է այսօր «168 ժամ» պարբերականն ու պարզաբանել. - «Ամբողջ խնդիրն այն է, որ այդ կուսակցությունների շարքային անդամներն ընտրացուցակների ձեւավորմանը որեւէ կերպ չեն մասնակցելու, եւ իրենց կուսակցությունների ցուցակների անցողիկ թեկնածուների անունները բացահայտելու են մոտավորապես այնպես, ինչպես լոտո խաղացողներն են անում՝ կոպեկով ջնջելով ցուցակների «պաշտպանիչ շերտը»»։ Այդուհանդերձ, թերթը չի բացառել, որ «մինչեւ մարտ ամիսը, երբ պաշտոնապես կհրապարակվեն կուսակցությունների համամասնական ցուցակները, դրանք կվերանայվեն: «Սակայն, դրանք լուրջ եւ էական փոփոխությունների չեն ենթարկվի», - հավելել է թերթը:

«Ժողովուրդն այսօր այնքան փորձառու է, որ շատ քիչ է հավատում բառերին», - «Առավոտ» թերթի հետ զրույցում ասել է սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը։ Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ հաջողություն ունի «կարտոֆիլային ռազմավարությունը», տիկին Հարությունյանը պարզաբանել է. - «Այո, ժողովուրդը դրան ավելի է տուրք տալիս։ Եվ այդ առումով՝ քաղաքական գործիչները մի պատրանք ունեն, որ եթե իրենք խոսեն անարդարության, կոռուպցիայի մասին, ժողովուրդը կընկալի իբրեւ նշան իրենց պատրաստակամության՝ լուծելու սոցիալական խնդիրները։ Այնինչ ժողովուրդն ավելի շատ աչքերին է հավատում, քան ականջներին»:

«Բարեփոխումներ» ընդդեմ լրագրողների» վերնագրի տակ «Ժամանակ-Երեւան» թերթն այսօր գրել է, թե «դատական դեպարտամենտի ձեւավորումը» մի նորամուծություն է բերել այս համակարգին. արդեն երկրորդ դեպքն է արձանագրվում, երբ լրագրողներին արգելում են մտնել դատարանի շենք. - «Առաջին դեպքը, վճռաբեկ դատարանում էր՝ տարեվերջին, երբ վճռաբեկի քրեական գործերով պալատը պետք է քններ ցմահ ազատազրկման դատապարտված երեք զինվորների գործը։ Իսկ երեկ Էրեբունի, Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում ագիկ Շամշյանի գործի քննությանը մասնակցելու համար դատարան եկած լրագրողներին վերեւ չեն թողել՝ հայտարարելով, որ կատարում են դատարանի աշխատակազմի ղեկավար Երեմ Եսոյանի հրահանգը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG