Մատչելիության հղումներ

logo-print

Արամ Սարգսյան. «Համախմբված ընդդիմությունը արդար ընտրությունների պարագայում խորհրդարանում կունենա մեծամասնություն»


Հայաստանյան ընդդիմության ղեկավարներից «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը վստահ է, որ «ընդդիմության համախմբման եւ արդար ընտրությունների պարագայում ընդդիմությունը խորհրդարանում կունենա միանշանակ մեծամասնություն»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ընդդիմադիր գործիչը պնդեց նաեւ, թե «իշխանական թեւը վախեցած է»:

«Իրենց` այսօրվանից սկսած քարոզարշավը հենց ապացուցում է իրենց վախեցածությունը», - փաստարկեց նա` շարունակելով. - «Լենտեր են կտրուկ, փորձում են իրենց ցույց տալ, բարեգործներ են դարձել»:

«Իրենք ուզում են, որ ամեն ինչ նույնը մնա. իրենք փոփոխություններ չեն ուզում: Սա վերաբերում է «Բարգավաճ Հայաստան»-ին, Հանրապետականին, Դաշնակցությանը. սրանք փոփոխություններ չուզող կուսակցություններ են, իրենց այսօրվա վիճակը ձեռնտու է»:

Խոսելով ընդդիմության նախընտրական ծրագրերի մասին` Արամ Սարգսյանը ասաց. - «Ես ուզում եմ, որ ընդդիմադիր դաշտի կուսակցությունները, բոլոր նրանք, ովքեր փոփոխությունների կողմնակից են, [խորհրդարանական ընտրություններին] գնան ընդհանուր, միասնական, ընդդիմադիր ամբողջ դաշտի համամասնական ցուցակով: Սա միանշանակ հաղթող տարբերակ է»:

Հարցին, թե կապահովվի՞ արդյոք նման միասնականություն ընդդիմադիր դաշտում, «Հանրապետություն» կուսակցության նախագահը արձագանքեց. - «Ես աշխատելու եմ, որպեսզի ընդդիմադիր դաշտը կարողանամ հնարավորինս համախմբել: Եվ այդ համախմբելու կոնտեքստում ամբիցիաներ չեմ դնում»:

Խոսելով ընդդիմադիր մյուս ուժերի հետ այդ հարցով քննարկումների մասին, Արամ Սարգսյանը ասաց, որ առաջին հերթին դա ՀԺԿ-ն է, «Ժառանգություն» կուսակցությունը, ՀՀՇ-ն:

«Մենք ոչ միայն չենք բացառում «Օրինաց երկիր»-ի հետ համագործակցությունը, այլեւ շատ հնարավոր ենք համարում», - շարունակեց նա: - «Որոշակի քննարկումներ ունենք «Ազգային միաբանություն» կուսակցության հետ: Ունենք նաեւ դրական տեղաշարժեր եւ արդյունքներ»:

Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության վերաբերյալ Արամ Սարգսյանը ասաց, թե հակված է այն համարելու իշխանական թեւի կուսակցություն:

Նրա փոխանցմամբ, ընդդիմադիր դաշտում քննարկվում է նաեւ մեկ այլ տարբերակ. - «Տակտիկական առումով գուցե որոշում կայացվի, որ մեծամասնականում միասին ենք, իսկ դաշինքներով մեկ-երկուսս է գնում: Ես չեմ մանրամասնի սա, եւ սա միայն իմ որոշելիքը չէ»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG