Մատչելիության հղումներ

Freedom House իրավապաշտպան կազմակերպության` Նյու Յորքում այսօր հրապարակված տարեկան զեկույցի համաձայն, ինչպես եւ անցած տարի, Հայաստանը «մասամբ ազատ» երկրների խմբում է: Freedom House-ի հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե Հայաստանն այս խմբի ամենաթույլ պետություններից մեկն է:

«Հայաստանն ընդհուպ մոտեցել է այն սահմանագծին, որը բաժանում է «մասամբ ազատ» եւ «ոչ ազատ» երկրները: Սա մի շարք կարեւոր ոլորտներում առկա թույլ ցուցանիշների արտացոլումն է: Այդ ոլորտներից են՝ մամուլում տիրող վիճակը կամ, ասենք, քաղաքական գործընթացներին մասնակցելու քաղաքացիների հնարավորությունը»,֊ -«Ազատություն» ռադիոկայանին ասել է Քրիս Ուոքերը:

Ըստ Freedom House-ի, «մասամբ ազատ» պետությունների խմբում ընդգրկված երկրներում քաղաքացիական ազատություններն ու մարդկանց քաղաքական իրավունքները լիովին չեն ապահովվում: Բացի այդ` այս խմբում հայտնված երկրներում հաճախ կոռուպցիոն մթնոլորտ է տիրում, ձեւական բազմակարծության ֆոնին քաղաքական մեկ ուժ է գերիշխում, իրավական պետությանը բնորոշ ատրիբուտները թույլ են:

Քրիս Ուոքերը վերջին շրջանում Հայաստանում արձանագրված մտահոգիչ միտումներից հատկապես հիշատակեց օլիգարխների ակտիվացումը. - «2007-ի ընտրությունների շեմին մենք մի միտում ենք նկատում, որը կարող ենք բնութագրել որպես քաղաքականության օլիգարխացում, ինչը որպես առանձնապես դրական քայլ գնահատվել չի կարող»:

Նրա վկայությամբ` Freedom House-֊ը ուշադրությամբ է հետեւելու առաջիկա խորհրդարանական ընտրարշավին:

«Հայաստանի պարագայում լուրջ խնդիրներ կային վերջին շրջանի բոլոր քվեարկությունների, այդ թվում 2005-ի նոյեմբերին կայացած հանրաքվեի ժամանակ: Առաջիկա ընտրությունները շատ դիտորդներ գնահատում են որպես որոշիչ ու առանցքային: Սա, իրոք, իշխանություններին ընձեռնված շատ կարեւոր հնարավորություն է` ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու առումով: Եվ սա միայն ընտրությունների օրվան չի վերաբերում: Շատ կարեւոր է, որ քվեարկությանը նախորդող ամիսներին իշխանությունները ստեղծեն ազատ ու արդար ընտրություննների անցկացման համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները», -֊ նշեց Քրիս Ուոքերը:

Ըստ նրա՝ առաջիկա ընտրությունների նախօրեին Freedom House-ը կհետեւի նաեւ լրագրողների հանդեպ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը:

«Վերջին շրջանում արձանագրում ենք լրագրողների դեմ հարձակումների աճ, ինչը շատ լուրջ զարգացում է: Կարծում եմ, շատ կարեւոր է, որ առաջիկա ամիսներին լրագրողները հնարավորություն ստանան լուսաբանել երկրում տեղի ունեցող իրադարձությունները` չվախենալով ֆիզիկական եւ այլ տեսակի հաշվեհարդարից կամ ահաբեկումից: Սա մի խնդիր է, որին մենք ուշի ուշով հետեւելու ենք առաջիկա ամիսներին»,֊ - ասաց Քրիս Ուոքերը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հարեւաններին, ապա Վրաստանն ու Թուրքիան Freedom House-ի կողմից նույնպես ճանաչվել են «մասամբ ազատ» պետություններ: Բայց ի տարբերություն Հայաստանի` այս երկու երկրները, ըստ իրավապաշտպանների, մի քայլ առաջ են արել` նախեւառաջ ընտրական գործընթացների կազմակերպման առումով: Ըստ Freedom House-ի՝ թե' Թուրքիան, թե' Վրաստանն այսօր «ընտրական ժողովրդավարությունների» ցանկում են:

Անհամեմատ ավելի տխուր է իրավիճակը Ադրբեջանում, որը «ոչ ազատ» պետությունների թվում է: Freedom House-ի փորձագետների համոզմամբ՝ Ադրբեջանը մամուլի ազատության առումով հետընթաց է ապրում, իսկ նախագահ Իլհամ Ալիեւի ճնշումները մամուլի նկատմամբ ուժեղանում են:

«Ոչ ազատ» պետությունների թվին են դասվել նաեւ Իրանը եւ Ռուսաստանը: Իսկ Freedom House-ի հրապարակած ցուցակի հետնապահները նույնն են` Հյուսիսային Կորեան, Կուբան, Թուրքմենստանն եւ Ուզբեկստանը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG