Մատչելիության հղումներ

Jane’s. «2007 թվականին Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը կխորանա»


Jane’s հետազոտական կենտրոնի այսօր հրապարակած կանխատեսման համաձայն՝ 2007 թվականին Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը, ամենայն հավանականությամբ, կխորանա:

«Այս տարի, հավանաբար, լուրջ փոփոխություն կկատարվի Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքում, քանի որ Ադրբեջանի էներգետիկ պաշարները եւ Վրաստանի շարունակվող ձգտումը դեպի Արեւմուտք նրանց ավելի ու ավելի անկախ են դարձնում Մոսկվայից: Միեւնույն ժամանակ Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը, ամենայն հավանականությամբ, կխորանա: Սա կարող է բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի անջատողական հակամարտությունների վրա՝ լարվածությունը կշարունակվի, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում` կսաստկանա տարվա ընթացքում»,֊ - կանխատեսում են հեղինակավոր հետազոտական կենտրոնի փորձագետները:

«Ադրբեջանի աճող անհրաժեշտությունը Եվրոպայի համար՝ որպես Բաքու - ֊Ջեյհան նավթատարով եւ Բաքու - ֊Էրզրում գազատարով էներգիայի մատակարար եւ անվտանգության հարցերում, ՆԱՏՕ-֊ի եւ ԱՄՆ-֊ի հետ համագործակցելու Բաքվի մեծացող ցանկությունը կարող են 2007 թվականին հանգեցնել ավելի մեծ միջազգային ներգրավվածության Լեռնային Ղարաբաղի հարցում: Սա կարող է վճռորոշ լինել տարվա ընթացքում լարվածությունը զսպելու համար»,֊ - ասված է վերլուծականում, որը վերնագրված է՝ «Հարավային Կովկասին փոթորկահույզ տարի է սպասում»:

«Բոլոր դեպքերում, եթե Արեւմուտքի ուշադրությունը առավելություն ստեղծի Ադրբեջանի համար, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, ի պատասխան կսերտացնի կապերը Ռուսաստանի հետ: Արդյունքում երկու կողմերը ավելի խորը կխրամատավորվեն երկու ընդդիմադիր ճամբարներում՝ առանձին եւ մրցակցող միջազգային աջակիցներով»,֊ - գտնում են հետազոտական կենտրոնի փորձագետները:

«Այս ամենը տարածաշրջանը կկանգնեցնի վճռորոշ երկընտրանքի առջեւ, երբ զարգացման եւ կարգավորման մեծ ներուժին կդիմակայի մեծագույն վտանգը եւ հնարավոր բախումը: Բոլոր դեպքերում, ամենայն հավանականությամբ, դրսի ուժին է պատկանելու վճռորոշ խոսքը՝ ո՞ր ուղղությամբ է շարժվելու Հարավային Կովկասը 2007 թվականին: Տարածաշրջանը բախտի քմահաճույքին թողնելը դժվար թե համապատասխանի որեւէ մեկի շահերին»,֊ - եզրակացնում են Jane’s֊-ի մասնագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG