Մատչելիության հղումներ

logo-print

Բանկիր Ֆրենկելին Ռուսաստանի կենտրոնական բանկի փոխնախագահի սպանությունը կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել


Ռուսաստանի գլխավոր դատախազությունը այսօր բանկիր Ալեքսեյ Ֆրենկելին մեղադրանք է առաջադրել երկրի Կենտրոնական բանկի փոխնախագահ Անդրեյ Կոզլովի սպանությունը կազմակերպելու համար:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ֆրենկելի փաստաբան Իգոր Տրունովը հայտնել է, որ մեղադրանքն առաջադրվել է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 33 հոդվածով՝ «սպանության կազմակերպում», եւ որ պաշտպանյալը չի ընդունում իր մեղքը: Փաստաբանը ձեռնպահ է մնացել մանրամասներ հաղորդելուց, քանի որ իրենից դրանք չհրապարակելու ստորագրություն է վերցվել:

«Մեղադրանքը մենք չենք ընդունում եւ մտադիր ենք ապացուցել նրա անմեղությունը», - ընդգծել է Տրունովը եւ տեղեկացրել, որ սպանության գործին զուգահեռ ծառայողական քննություն է տարվում Ֆրենկելին ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ:

Ֆրենկելը ձերբակալվել էր հունվարի 11-ի գիշերը: Կոզլովի սպանության գործով անցնում է 7 մարդ:

Կենտրոնական բանկում արտոնագրման հարցերով զբաղվող Անդրեյ Կոզլովի դեմ մահափորձ էր իրականացվել անցյալ տարվա սեպտեմբերի 13-ին Մոսկվայում: Ստացած հրազենային վերքերից նրա վարորդը մահացել էր տեղում, իսկ ինքը բանկիրը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG