Մատչելիության հղումներ

Հայաստանում կա շուրջ 85 հազար հաշվառված գործազուրկ


2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 102 հազար 172 աշխատանք փնտրող քաղաքացի, այդ թվում` 84 հազար 571 գործազուրկ: Գործազրկության մակարդակը կազմել է 7, 2 տոկոս՝ 2006-ի տարեսկզբի 7,7 տոկոսի դիմաց: Այս թվերը այսօր հրավիրած ասուլիսում հրապարակեց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը:

«Ամենակարեւոր ցուցանիշը այս ոլորտի աշխատանքները գնահատելու համար աշխատանքի տեղավորվածների թիվն է. նախատեսված ծրագիրը կատարվել է 106 տոկոսով: Աշխատանքի են տեղավորվել 8258 աշխատանք փնտրողներ կամ գործազուրկներ», - ասաց Հարությունյանը:

Գործազուրկների թվի մեջ, նրա փոխանցմամբ, մեծ է քաղաքային բնակչության տեսակարար կշիռը՝ շուրջ 93 տոկոս: Հանրապետությունում նախկինի պես բարձր է գործազրկության մակարդակը Շիրակի, Սյունիքի եւ Լոռու մարզերում: Երեւանում գործազուրկների 80 տոկոսը եւ հանրապետությունում 70 տոկոսը կանայք են:

«Մենք ամեն ամիս ամփոփում ենք աշխատաշուկայի տվյալները` թափուր աշխատատեղերի առումով, եւ արդյունքում ունենք, հատկապես Երեւան քաղաքում` այդ թափուր աշխատատեղերի 90 տոկոսը բանվորական մասնագիտություններով աշխատատեղեր են, որոնք շատ դժվարությամբ են լրացվում կամ չեն լրացվում», - ասաց նա:

Սոնա Հարությունյանը գտնում է, որ թաքնված զբաղվածության մակարդակը Հայաստանում աստիճանաբար նվազում է` փաստարկելով. - «Եթե 2005 թվականին զբաղվածների թիվը կազմում էր 1 միլիոն 95 հազար մարդ, ապա 2006 թվականին այն կազմում է 1 միլիոն 116 հազար: Այսինքն` եթե ավելանում է զբաղվածների թիվը, պետք է մտածենք, որ աշխատողները գալիս են օրինական դաշտ»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG