Մատչելիության հղումներ

ԱՄՆ-֊ը ամսական 10 միլիարդ է ծախսում Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմների վրա


«Քրիսչեն սայենս մոնիթոր» թերթը այսօր գրում է, որ ԱՄՆ֊-ը ամեն ամիս մոտ 10 միլիարդ դոլար է ծախսում Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմների վրա:

Պարբերականի վկայությամբ՝ այս տարվա վերջին Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմների վրա ծախսված գումարը կկազմի 600 միլիարդ` հասնելով այն գումարներին, որոնք ժամանակին ծախսվել են Կորեայում կամ Վիետնամում:

Այնուհանդերձ ներկա պատերազմների ազդեցությունը ամերիկյան տնտեսության վրա շատ ավելի փոքր է, քան նախկինում: Պատճառն այն է, որ տնտեսությունը մեծացել է:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմական ծախսերը կազմում էին ԱՄՆ֊-ի համախառն ներքին արդյունքի 30 տոկոսը, Կորեական պատերազմի վրա ծախսվում էր 14 տոկոսը, իսկ Վիետնամում՝ 9 տոկոսը:

Իրաքյան պատերազմը խլում է 13-֊տրիլիոնանոց ներքին համախառն արդյունքի ընդամենը 1 տոկոսը:

ՄԱԿ-ի՝ այսօր հրապարակված տվյալների համաձայն, 2006 թվականի ընթացքում Իրաքում բռնությունների հետեւանքով զոհվել է 34 հազար քաղաքացիական անձ, եւս 36 հազարը վիրավորվել է:

Իրաքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գլխավոր պաշտոնյա Ջիաննի Մագացցենին մամուլի ասուլիսում հայտնել է նաեւ, որ նոյեմբեր եւ դեկտեմբերին Իրաքում սպանվել է 6,4 հազար քաղաքացիական անձ, նրանցից մոտ 4,7 հազարը՝ Բաղդադում:

Գերմանական DPA գործակալությունը, մինչդեռ, հաղորդել է, որ այսօր Բաղդադի համալսարանի մոտակայքում իրականացված ահաբեկչության հետեւանքով սպանվել է առնվազն 60 ուսանող, 110 երիտասարդ վիրավորվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG