Մատչելիության հղումներ

logo-print

Ստեփան Դեմիրճյան. «Մենք պատրաստ ենք առանձին մասնակցելու ընտրություններին»


Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ, Ազգային ժողովի «Արդարություն» դաշինքի խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշեց, որ ՀԺԿ-ն պատրաստ է առանձին մասնակցելու ընտրություններին:

«Սահմանադրական փոփոխությունների` կեղծված հանրաքվեից հետո Ազգային ժողովի դերը էապես բարձրացել է, եւ մեր պետության հետագա ընթացքը մեծապես պայմանավորված կլինի առաջիկա խորհրդարանական ընտրություններով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դեմիրճյանը: - «Մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք առանձին մասնակցելու այդ ընտրություններին: Փետրվարի 17-ին տեղի կունենա ՀԺԿ-ի հերթական համագումարը, եւ կհստակեցվեն մասնակցության հետ կապված բոլոր հարցերը»:

Դեմիրճյանը ավելացրեց, որ «որեւէ կուսակցության հետ դաշինք ստեղծելու վերաբերյալ բանակցություններ չեն տարվում»:

«Այսօր էլ, ՀԺԿ-ն, պատրաստ լինելով առանձին մասնակցելու ընտրություններին, կարեւորում է ընդդիմադիր ուժերի համագործակցությունը` հանուն ժողովրդավարական ընտրությունների», - ասաց Ստեփան Դեմիրճյանը` հավելելով. - «Այս պահին, սակայն, որեւէ քաղաքական ուժի հետ դաշինքներ ստեղծելու վերաբերյալ բանակցություններ չեն տարվում»:

Մեծամասնական ցուցակով առաջադրվելիք թեկնածուի մասին հարցին ՀԺԿ-ի առաջնորդը պատասխանեց. - «Համագումարից հետո այդ բոլոր հարցերը իրենց պատասխանները կստանան»:

Հարցին, թե ունի՞ արդյոք ՀԺԿ-ն ընտրապայքարին մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, կուսակցության առաջնորդը պատասխանեց. - «Դուք ճիշտ եք` փողի գործոնը գնալով էլ ավելի կարեւոր նշանակություն է ստանում: Ցավոք: Սա է մեր իրականությունը»:

«Մենք դուրս չենք գալու փողի մրցավազքի», - շարունակեց նա: - «Այդ լծակներին, այդ ընտրակաշառքներին մենք հակադրելու ենք մեր սկզբունքները, մեր ծրագրերը, մեր գաղափարները, մեր մոտեցումները, մեր կազմակերպվածությունը»:

Նա վստահություն հայտնեց, վկայակոչելով Գելափի հարցման արդյունքները, որ իր ղեկավարած կուսակցությունը հաղթահարելու է 5 տոկոսի սահմանագիծը:

«Բայց դա չէ մեր խնդիրը», - հավելեց նա: - «Մեր խնդիրն է` փոխել իրականացվող քաղաքականությունը: Հասնել արմատական փոփոխությունների»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG