Մատչելիության հղումներ

ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում Լեւոն Արոնյանը 7-րդն է


Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է 2007 թվականի հունվարի դրությամբ աշխարհի 100 լավագույն շախմատիստների վարկանիշային ցուցակը, որում 25-ամյա հայ շախմատիստ, աշխարհի գավաթակիր եւ օլիմպիական չեմպիոն Լեւոն Արոնյանը 2744 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը: ՖԻԴԵ-ի մեկ այլ ցուցակում, որում 10 լավագույն շախմատիստների միջին վարկանիշի հիման վրա դասակարգված են երկրները, Հայաստանը 4-րդն է:

Լավագույն շախմատիստների ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են բուլղարացի Վեսելին Թոփալովը՝ 2783, հնդիկ Վիշվանաթան Անանդը՝ 2779, եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը՝ 2766 միավորով: 2754 միավորով չորրորդ տեղում է 22-ամյա ադրբեջանցի շախմատիստ Շահրիյար Մամեդյարովը:

Ցուցակում 20-րդ տեղը գրավում է Վլադիմիր Հակոբյանը, 47-րդը՝ Գաբրիել Սարգսյանը, 78-րդը՝ Կարեն Ասրյանը, 79-րդը՝ Սմբատ Լպուտյանը: Սերգեյ Մովսեսյանը Սլովակիայից 73-րդ տեղում է:

Երկրների ցուցակի առաջին երեք տեղերում են Ռուսաստանը, Ուկրաինան եւ ԱՄՆ-ը: Վրաստանը 9-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 14-րդ:

2006 թվականին Թուրինում անցկացված շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճեց չեմպիոնի կոչումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG