Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյան. «Տրամաբանությունը հուշում է, որ Հանրապետականի ցուցակը ես պետք է գլխավորեմ»


«Տրամաբանությունը բոլորիս հուշում է, որ ես պետք է գլխավորեմ», - այսպես պատասխանեց Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ո՞վ է գլխավորելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը՝ ի՞նքը, թե՞ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Անդրանիկ Մարգարյանը Հանրապետական կուսակցության նախագահն է, Սերժ Սարգսյանը՝ Հանրապետականի խորհրդի նախագահը եւ կուսակցության նախագահի առաջին տեղակալը:

Ըստ վարչապետի, Հանրապետականը մինչեւ ընտրությունները համագումար չի անցկացնի, իսկ համամասնական ցուցակը կհաստատվի կուսակցության խորհրդի նիստում, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա փետրվարի վերջին:

Որպես խորհրդարանական ընտրությունների անցկացման ամենահավանական օր Անդրանիկ Մարգարյանը նշեց մայիսի 12-ը, որը շաբաթ է, սակայն, նրա հավաստմամբ, ոչ աշխատանքային կհայտարարվի: Այդ օրը սահմանվելու դեպքում, ըստ Անդրանիկ Մարգարյանի, համամասնական ցուցակները պետք է ներկայացվեն փետրվարի 26-ից մինչեւ մարտի 3-ը:

«Իսկ շա՞տ է փոխվելու ցուցակը նախորդի համեմատ: Մամուլը գրում է, որ 1 միլիոն դոլար արժե ձեր ցուցակում ընդգրկվելը», - այս հարցին վարչապետն արձագանքեց. - «Մի լումա չարժե, պարզապես քաղաքական որոշում է լինելու: Այլ բան չեմ ասում. ամսի 26-ից հետո, երբ ցուցակը պարզ կլինի, այն ժամանակ կխոսենք»:

Ինչպես հավաստիացրեց Անդրանիկ Մարգարյանը, Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում գործարարների թիվը նվազագույնի է հասցվելու:

Իսկ կանանց թիվը, վարչապետի խոսքերով, Հանրապետականի ցուցակում զգալիորեն աճելու է. - «Օրենքն ի՞նչ է պահանջում՝ առնվազն 15 տոկոս ցուցակում պետք է կանայք լինեն, եւ մենք դա կապահովենք»:

Ներկայիս գումարման խորհրդարանում 40-հոգանոց հանրապետական մեծամասնությունից ընդամենը 2-ն են կին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG