Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը ընդամենը վեց ամսով կրճատեց Արման Բաբաջանյանի ազատազրկման ժամկետը


Զինվորական գործերով վերաքննիչ դատարանը ուրբաթ օրը «Ժամանակ -Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման` հիմնավորված համարելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Վերաքննիչը սոսկ վեց ամսով կրճատեց պատժի չափը:

Անցած հունիսին առաջին ատյանի դատարանը Բաբաջանյանին փաստաթուղթ կեղծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայութունից խուսափելու համար դատապարտել էր 4 տարվա ազատազրկման:

Դատական նիստին ներկա չէին Արման Բաբաջանյանի փաստաբանները: Նիստը նախագահող Արշակ Խաչատրյանը «անհարգելի» որակեց նրանց բացակայությունը եւ որոշեց նիստը վարել առանց պաշտպանների:

Մինչդեռ փաստաբաններ Զարուհի Փոստանջյանն ու Հայկ Ալումյանը միջորդություն էին ներկայացրել դատարանին` նիստը հետաձգելու խնդրանքով` հաշվի առնելով, որ միջգերատեսչական հանձնաժողովը դեռեւս որոշում չի կայացրել Արման Բաբաջանյանի խնդրանքի կապակցութամբ: Բաբաջանյանը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած այդ հանձնաժողովին խնդրել էր իր նկատմամբ եւս կիրառել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը, ըստ որի նա հնարավորություն ունի յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի դիմաց համապատասխան տուգանք վճարելով ազատվել քրեական հետապնդումից: Հանձնաժողովը, սակայն, այդպես էլ որոշում չկայացրեց ընդդիմադիր թերթի խմբագրի խնդրանքի կապակցությամբ:

Արշակ Խաչատրյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ առանց փաստաբանների, առանց պաշտպանական ճառի, Արման Բաբաջանյանին առաջարկեց օգտվելով իր իրավունքից եւ վերջին խոսքն ասել: Բաբաջանյանն ասաց, որ ինքն առանց փաստաբանների չի կարող վերջին խոսքն ասել: Հետո հայտարարեց, որ հրաժարվում է իր պաշտպաններից եւ խնդրում է իրեն նոր պաշտպաններ ունենալու հնարավորություն տալ: Այդ խնդրանքը դատարանը նույնպես մերժեց:

Փաստաբան Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, այն, որ դատարանը վճիռ կայացրեց առանց պաշտպանական ճառերի, առանց ամբաստանյալին վերջին խոսքի իրավունք տալու, արդեն վճռի բեկանման հիմք է տալիս:

«Մենք գնալու ենք եւ Վճռաբեկ դատարան, եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ Սահմանադրական դատարան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զարուհի Փոստանջյանը` պնդելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG