Մատչելիության հղումներ

Կինոքննադատների ընկերակցությունը այսօր կհրապարակի 2006-ի լավագույն ֆիլմերի, ռեժիսորների ու դերասանների անունները


ԱՄՆ-ի եւ Կանադայի մոտ 200 էլեկտրոնային լրատվամիջոցներում աշխատող կինոքննադատներն այսօր Lոս Անջելեսում կհրապարակեն 2006 թվականի լավագույն կինոնկարների, ռեժիսորների ու դերասանների անունները:

Կինոքննադատների ընկերակցության այս մրցանակաբաշխությունը շատերն անվանում են «Օսկար»-ի հերթական նախապատրաստական փուլ:

Լավագույն ֆիլմի կոչմանը հավակնում է միանգամից 10 ֆիլմ` այդ թվում Փոլ Գրինգրասի՝ սեպտեմբերի 11-ի ողբերգության մասին պատմող «Յունայթեդ 93 չվերթը» կինոնկարը:

Lավագույն ֆիլմի տիտղոսին հավակնում է նաեւ բրիտանացի ռեժիսոր Սթիվեն Ֆրիրզի «Թագուհին», որը Միացյալ Թագավորության միապետի` Էլիզաբեթ 2-րդի մասին առաջին գեղարվեստական կինոնկարն է: Ֆիլմի հեղինակները փորձում են հասկանալ Բրիտանիայի թագուհու ապրումները իր ոչ այնքան սիրելի հարսի՝ իշխանուհի Դիանայի մահից անմիջապես հետո:

Lավագույն դերասան անվանակարգում հաղթելու ամենամեծ հնարավորությունները, ըստ ամերիկացի քննադատների, Lեոնարդո դի Կապրիոյինն են: 2006 թվականին միանգամից երկու ֆիլմերում նրա խաղացած դերերը քննադատները նախնական քվեարկության ընթացքում բավական բարձր են գնահատել:

Կին դերակատարների շրջանում հաղթելու ամենալուրջ հավակնորդն է համարվում Պենելոպա Կրուսը: Ինչպես եւ 2006 թվականի Կանի փառատոնում` հիմա էլ քննադատների ուշադրությունից չի վրիպել Պեդրո Ալմադովարի «Վոլվեր» կինոնկարում Կրուսի խաղացած դերը:

2006 թվականի լավագույն ռեժիսորի տիտղոսի համար պայքարի մեջ են մտել Մարտին Սկորսեզեն, Քլինթ Իսթվուդը եւ այլ հայտնի ռեժիսորներ:

Օտարալեզու ֆիլմերի անվանակարգում լավագույնի տիտղոսին հավակնող ժապավենների թվում է Մել Գիբսոնի՝ հնդկացիների քաղաքակրթության մասին պատմող «Ապոկալիպսիս»-ը, որը թեեւ զուտ հոլիվուդյան արտադրանք է, բայց նկարահանվել է մայա հնդկացիների՝ վաղուց արդեն չգործածվող լեզվով:

Լավագույն կատակերգության անվանակարգում կինոքննադատների նախնական քվեարկության արդյունքում ֆավորիտ է դարձել 2006 թվականի ամենասկանդալային կինոնկարը` «Բորատ»-ը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG