Մատչելիության հղումներ

Արգենտինայում այսօր օրենքի ուժ ստացավ խորհրդարանի եւ Սենատի կողմից վավերացված օրինագիծը, ըստ որի Հարավային Ամերիկայի ամենահայաշատ այս երկիրը փաստորեն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրչները մինչեւ հունվարի 10֊-ը կարող էր վետո դնել` մերժելով օրինագիծը: «Քանի որ նախագահը դա չի արել, այսօր՝ հունվարի 11-֊ին այն դե ֆակտո օրենքի ուժ է ստացել», -֊ «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեցին Արգենտինայի նախագահի աշխատակազմում:

Ըստ օրենքի, ապրիլի 24-֊ը հռչակվում է Հանդուրժողականության եւ ժողովուրդների միջեւ հարգանքի օր` ոգեկոչելով հայ ժողովրդի դեմ գործած ցեղասպանությունը:

Օրենքը նաեւ թույլատրում է հայազգի պետական պաշտոնյաներին ապրիլի 24֊-ին բացակայել աշխատանքից՝ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հայազգի ուսանողներին նույնպես թույլատրվում է այդ օրը չներկայանալ դասերին:

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դիմել էր Արգենտինայի նախագահին` խնդրելով մերժել օրինագիծը, քանի որ այն «վատ տպավորություն է ստեղծում Թուրքիայի մասին եւ ատելություն է սերմանում»:

Արգենտինայից բացի Հարավային Ամերիկայում Հայոց ցեղասպանությունը օրենքով ճանաչել են Ուրուգվայը եւ Վենեսուելան:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG