Մատչելիության հղումներ

logo-print

Ջորջ Բուշը ամերիկացիներին ներկայացրեց Իրաքի հարցում իր նոր ռազմավարությունը


Ամերիկյան առաջատար հեռուստատեսությունները եւ ռադիոկայանները հեռարձակեցին Իրաքի հարցում ԱՄՆ-ի նոր ռազմավարության վերաբերյալ Ջորջ Բուշի ուղերձը, որում ընդունելով անցած տարիների ընթացքում թույլ տրված սխալները՝ ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, թե եւս 21 հազար 500 թվակազմով ուժեր է ուղարկելու Իրաք:

Բուշը, մերժելով պատերազմը դադարեցնելու դեմոկրատների կոչերը, հայտարարեց. - «Այս պահին հետ կանգնելը կդառնա Իրաքի կառավարության տապալման պատճառ, երկիրը կմասնատվի, իսկ զանգվածային սպանությունները կհասնեն աներեւակայելի չափերի»:

ԱՄՆ-ի նախագահի խոսքերով, իրենք կարծում էին, թե ընտրությունները կհամախմբեն Իրաքի ժողովրդին, սակայն պատահեց հակառակը, եւ իրադրությունը ավելի սրվեց, հատկապես՝ Բաղդադում:

«Բաղդադում մեր ձախողումները երկու պատճառ ունեին», - ասաց նա: - «Նախ՝ որ չունեինք բավարար թվով զորքեր՝ ահաբեկիչներին եւ ապստամբներին ոչնչացնելու համար, երկրորդ՝ զորքերի վրա դրված էին մեծ սահմանափակումներ»:

«Այս վճռական պահին մեր աջակցությունը մեծացնելու դեպքում իրաքցիներին կօգնենք դադարեցնել բռնությունները եւ կմոտեցնենք այն օրը, երբ մեր զորքերը կսկսեն վերադառնալ հայրենիք», - հայտարարեց Բուշը:

Մոտ 4 տարի տեւած պատերազմը Իրաքում, ըստ պաշտոնական տվյալների, պատճառել է ավելի քան 3 հազար զոհ ամերիկյան բանակին եւ ամերիկացիների վրա նստել է մի քանի հարյուր միլիարդ դոլար:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG