Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Զրուցում ես, օրինակ, որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Անդրադառնում ես մեր կյանքի տարբեր ոլորտներում տեղի ունեցող այլանդակություններին: Պաշտոնյան հաճույքով է մասնակցում խոսակցությանը: Հասկացնել տալիս, որ իրավիճակին վերաբերվում է ծայրաստիճան բացասաբար: Ոչ, բնականաբար, նախագահի մասին՝ միայն լավը: Բայց մնացած հարցերում` Գեղամյանից ոչ պակաս ընդդիմադիր»:

«Առավոտ»-ի խմբագրականն այսօր գրել է, թե «Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի հավակնորդ Ռիչարդ Հոգլանդի շուրջ ծագած աղմուկն արդեն սպառնում է անցնել անհեթեթության բոլոր հնարավոր սահմանները», այնինչ, ըստ թերթի` «ԱՄՆ-ի պես կարեւորագույն երկրի հետ հազար ու մի կենսական թելերով կապված Հայաստանը միայն տուժում է այս հարցի անհարկի ու անհեթեթ քաղաքականացումից եւ ամերիկյան նոր դեսպանի նշանակման ձգձգումից»: «Եվ, ընդհանրապես, այն տրամաբանությունը, որով առաջնորդվում են Հոգլանդի թեկնածությունը մերժողները, մեզ շատ հեռուն կարող է տանել», - ընդգծել է գլխավոր խմբագիրն ու հասեցագրել. - «Մի պահ պատկերացնենք, թե ինչ հիմար վիճակի մեջ կարող է հայտնվել Հայաստանը, եթե վաղը հանկարծ ոտքի կանգնեն վիրահայերը կամ բրիտանահայերը եւ իրենց երկրների կառավարություններից ուլտիմատիվ ոճով պահանջեն Հայաստանում դեսպան նշանակել միայն ցեղասպանությունը ճանաչած անձանց»։

Տարածաշրջանի համար նոր հեռանկարներ ուրվագծելով` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր առանձացրել է. - «Թուրքիայում արդեն խոստովանում են, որ իրենց դժվար թե հաջողվի կանխել Հայոց ցեղասպանության ճանաչումը ամերիկյան Կոնգրեսի կողմից, ուստի նրանց վերջին հույսը մնացել է նախագահ Ջորջ Բուշը, որը կարող է չստորագրել օրենսդիրների ընդունած փաստաթուղթը»։ Ըստ մեկնաբանի, սակայն, «չպետք է մոռանալ, որ հանրապետականների վարչակազմի նման հակաքայլը ԱՄՆ-ում 2008 թվականին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների նախօրեին հրաշալի նվեր կդառնա իրենց մրցակից դեմոկրատների համար՝ ամերիկահայ համայնքի մոտ 1 միլիոն քվեների տեսքով»։

«Հեղափոխության թիրախները» խորագրի տակ «Հայկական ժամանակ»-ի խմբագրականն այսօր նկատել է, թե «Քոչարյանի վարչակազմը, ըստ էության, հիմնված է օլիգարխիայի վրա»: «Օլիգարխները, ըստ էության, դարձել են ֆեոդալներ իրենց տարածքներում՝ ունենալով անսահմանափակ իշխանություն, իշխանության կողմից լիազորված լինելով մարդկանց ընդհուպ մահապատժի ենթարկել: Հենց այսպիսի ակցիաներ են այն սպանությունները, որոնց հեղինակները սպանության հաջորդ կամ նույնիսկ միեւնույն օրը ներկայանում են ոստիկանություն: Օլիգարխները քաղաքական ահաբեկման վիճակում են պահում իրենց թաղերը, «տարածքները», բնակավայրերը՝ դրա դիմաց ստանալով մի շարք արտոնություններ, այդ թվում՝ հարկեր եւ տուրքեր չվճարելու, օրենքից վեր կանգնելու արտոնություն: Այդպիսով, նրանք շրջապատի վրա ճնշելու ավելի մեծ լծակներ են ստանում, ստանում են ազատ միջոցներ եւ անաշխատ եկամուտներ` սափրագլուխների բանդաները բազմացնելու, «քաղաքական գործիչներ» ու «մտավորականներ» գնելու համար»։

Անդրադառնալով հարկային եւ մաքսային համակարգերի ղեկավար կազմի նկատմամբ նախագահ Քոչարյանի՝ պետական եկամուտները «մի քիչ կոշտ աշխատանքի միջոցով» հավաքագրելու եւ քաղաքականությունից զերծ մնալու պահանջին` «168 ժամ» պարբերականն այսօր նկատել է. - «2007 թվականի բյուջեն, ուզենք թե չուզենք, որոշ իմաստով «նախընտրական» բյուջե է, եւ առանց «կոշտ քայլերի» հազիվ թե հնարավոր լինի կատարել։ Բայց, մյուս կողմից, գաղտնիք չէ, որ նախընտրական ծախսերը հոգում է հենց նույն ստվերային բիզնեսը։ Այլ կերպ ասած, հարկայինն ու մաքսայինը գուցե ընտրությունների հետ կապ չունեն, բայց փոխարենը ընտրությունների հետ գործ ունեն նրանք, ում նկատմամբ ենթադրվում է «կոշտ քայլեր» ձեռնարկել։ Այլ հարց է, որ ստվերային բիզնեսը չի կարող միաժամանակ եւ նախընտրական բյուջեի եկամտային մասը ապահովել, եւ նախընտրական ստվերային ծախսերը հոգալ։ Այնպես որ, «կոշտ քայլերն» ամենայն հավանականությամբ այս անգամ եւս կջարդվեն փոքր ու միջին բիզնեսի գլխին»։

«Կրակոցներ Վանաձորում» վերնագրի տակ «Հայք» պարբերականն այսօր փոխանցել է. - «Գնալով սրվում են Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանի եւ Ազգային ժողովի վանաձորցի պատգամավոր, «Ժողպատգամավոր» խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանի հարաբերությունները: Բանը հասել է նրան, որ Վահրամ Բաղդասարյանն ու Սամվել Դարբինյանը հայտնվել են միջնորդավորված զինված ռազբորկայի մեջ»: Թերթի տեղեկություններով` Վանաձորի քաղաքապետի եղբոր որդին` Քաղցրիկ մականունով, վիճել է «Հայփոստ»-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էդիկ Խլղաթյանի որդու հետ. - «Իսկ հետեւանքը եղել են փոխադարձ կրակոցները»: «Խլղաթյանի տանիքը պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն է», - շեշտել է թերթը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG