Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան»-ը ԱԺ ընտրություններում հավակնում է առնվազն երկրորդ տեղին


«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար անդամ, կուսակցության արտահերթ համագումարը նախապատրաստող կազմկոմիտեի համակարգող, կապի եւ տրանսպորտի փոխնախարար Վարդան Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարեց, որ կուսակցությանը չի բավարարի գալիք խորհրդարանական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցնելը:

«Մենք ընդամենը մի բան կարող ենք ասել, որ այսօր մեր գործունեությունը ծավալում ենք, որպեսզի Ազգային ժողովի ընտրություններում երրորդ տեղը չզբաղեցնենք», - ասաց նա:

Պատասխանելով կուսակցության անդամների թվի մասին հարցին` Վարդանյանը ասաց, թե «Բարգավաճ Հայաստան»-ին անդամակցում են «կարելի է ասել` ընտրողների մեկ քառորդը»:

«Մոտ 370 հազար անդամ այսօրվա դրությամբ մենք ունենք: Անդամագրության գործընթացը շարունակվում է», - ավելացրեց նա:

Մարդկանց, ըստ Վարդան Վարդանյանի, հրապուրում են, հիմնականում, կուսակցության ծրագրերը. - «Իհարկե, մենք չենք անտեսում նաեւ մեր կուսակցության լիդերի` պարոն Ծառուկյանի անձը, որը բավականին մեծ հեղինակություն է վայելում ժողովրդի շրջանում»:

Դիտարկմանը, թե կուսակցության կողմից բաժանվող կարտոֆիլի սերմացուն կամ հակավորման թելը շատերը համարում են ընտրակաշառք, Վարդանյանը արձագանքեց. - «Դա բարեգործական ակցիա է: Ես շատ եմ ցավում, որ Գագիկ Ծառուկյանի բարեգործական ակցիաները միայն այս վերջերս են լուսաբանում»:

Խորհրդարանական ընտրություններում նախընտրական դաշինքին վերաբերող հարցին «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար անդամը պատասխանեց. - «Նման խոսակցություն կուսակցությունում չի եղել, քաղաքական որոշում չի կայացվել: Եթե քաղաքական որոշում կայացվի, դա կլինի [փետրվարի վերջին կամ մարտի սկզբին կայանալիք] համագումարի նախօրեին»:

Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակիցների հետ իր հանդիպումներում ասել է, որ այս պահին դաշինքը նպատակահարմար չի երեւում` բավական ներուժ ունեն ընտրություններին առանձին մասնակցելու, բայց, ամեն դեպքում, հետեւում են քաղաքական դաշտի զարգացմանը:

Կուսակցության ընտրական ցուցակի մասին հարցին ի պատասխան Վարդան Վարդանյանը ասաց, որ այն կճշտվի համագումարից հետո. - «Բայց համոզված եմ, որ առաջին համարը կլինի Գագիկ Ծառուկյանը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG