Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Երբ համեմատում ենք վիճակը այլ երկրների հետ, դուք վատ եք աշխատում»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր քննադատել է հարկային եւ մաքսային մարմինների ղեկավարների աշխատանքը:

«Ցուցանիշները տարեցտարի լավանում են, բայց երբ համեմատում ենք մեր վիճակը այլ երկրների` Արեւելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Ուկրաինայի հետ, ապա դուք վատ եք աշխատում: Այս տարվանից գնահատելու ենք ձեր աշխատանքը հենց այդ համեմատության մեջ», - ասել է նախագահը աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են վարչապետը, հարկային եւ մաքսային գերատեսչությունների ղեկավարները եւ այլ պաշտոնատար անձինք:

«Այս տարվա բյուջեն լարված աշխատանք է ենթադրում, շատ մեծ հարկային եկամուտների աճ է նախատեսված, եւ այդ աճը հնարավոր է ապահովել նպատակաուղղված եւ մի քիչ էլ` կոշտ աշխատանքի շնորհիվ: Պետք է հասկանալ` պատրա՞ստ եք դուք արդյոք վարչարարության կատարելագործման եւ խստացման ճանապարհով կատարել այս տարվա առաջադրանքները», ֊- ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, շեշտել է Ռոբերտ Քոչարյանը:

Անդրադառնալով այս տարի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին, նախագահը զգուշացրել է. -֊ «Նախընտրական տրամադրությունները որեւէ ազդեցություն չպետք է ունենան հարկային եւ մաքսային ծառայությունների աշխատանքի որակի եւ խստապահանջության վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG