Մատչելիության հղումներ

Սերբիայի արտգործնախարարը քննադատել է Հայաստանին զենքի վաճառքի գործարքը


Սերբիայի արտգործնախարար Վուկ Դրաժկովիչը քննադատել է Հայաստանին զենքի վաճառքի գործարքը:

«Արտգործնախարարությունը զենքի արտահանման թույլտվություն չի տալիս՝ դա Սերբիայի կառավարության գործն է», - հայտարարել է Դրաժկովիչը Բելգրադում լույս տեսնող «Վեչերնիե նովոստի» թերթին տված հարցազրույցում: - «Մենք միայն քաղաքական կարծիք ենք տրամադրում, եւ այդ կարծիքը չի փոխվել»:

«Մենք երկար ժամանակ հայտարարում էինք, որ ԵԱՀԿ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի վաճառքի արգելք է սահմանել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, եւ որ կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 8153 պարտադրող բանաձեւը, որը բոլոր երկրներից պահանջում է ձեռնպահ մնալ Հայաստանին կամ Ադրբեջանին որեւէ զենքի կամ զինամթերքի մատակարարումից», - պարզաբանել է Սերբիայի արտգործնախարարը:

Ըստ տարբեր աղբյուրների՝ սերբ զինագործները մտադիր են Հայաստանին 2,6 միլիոն դոլարի զենք վաճառել 2007 թվականի առաջին ամիսներին:

Սերբական Կրագուեւաց քաղաքում գտնվող «Զաստավա» գործարանի կառավարիչ Դրագոլյուբ Գրույովիչը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ Հայաստանին հրազեն է վաճառվում, հիմնականում` ավտոմատներ: Նախատեսվում է հունվարի վերջին առաքել առաջին խմբաքանակը, իսկ մարտին` ամբողջությամբ ավարտել մատակարարումը:

Սերբիայի արտգործնախարարը հիշատակել է նաեւ ԱՄՆ-ի կառավարության որոշումը՝ դադարեցնել գործակցությունը զենքի վաճառքի արգելքը խախտող երկրների հետ, եւ հավելել. - «Քանի որ Կրագուեւացի զինագործները տարեկան ավելի քան 20 միլիոն դոլար են վաստակում Միացյալ Նահանգներ զենքի արտահանումից, մեծ է Հայաստանի հետ 2 միլիոնանոց գործարքի պատճառով 22 միլիոն դոլար կորցնելու վտանգը»:

Գործարքը Սերբիայում բավականին մեծ աղմուկ է բարձրացրել: Պայմանագիրը ստորագրվել էր անցած ամռանը, բայց աշնանը Սերբիայի կառավարությունը արգելափակել էր դրա իրականացումը:

Դեկտեմբերի սկզբին «Զաստավա» ընկերության ղեկավարները քննադատեցին Սերբիայի կառավարությանը` Հայաստանի հետ համաձայնեցված գործարքը արգելափակելու համար:

«Զաստավա»-ի 2600 աշխատողներ գործադուլ հայտարարեցին` կառավարությունից պահանջելով թույլատրել Հայաստանի հետ նախատեսված գործարքի իրականացումը կամ տալ ֆինանսական փոխհատուցում:

Կառավարությունը կտրականապես հրաժարվում է կատարել նրանց պահանջները:

Դրաժկովիչն ընդգծել է, որ ինքը ի սկզբանե եղել է այն կարծիքին, թե «պետությունը պետք է փոխհատուցեր զենք արտադրողներին»:

Միաժամանակ, նա նշել է, որ կառավարության հավանության դեպքում Հայաստանին զենքի վաճառքը կարող է կայանալ. - «Եթե կառավարությունը դա որոշի նախագահ Տաջիչի վարած, իմ կարծիքով, անպատասխանատու եւ գաղտնի դիվանագիտությունից հետո, ապա մեր պետությունը պարտավորված կլինի զեկուցել զենքի արտահանման մասին ԵԱՀԿ-ին եւ ՄԱԿ-ին եւ բացատրել նրանց, թե ինչո՞ւ են զենքի վաճառքի արգելքը եւ ՄԱԿ-ի պարտադրող բանաձեւը խախտվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG