Մատչելիության հղումներ

Կիպրահայերը կծառայեն բանակում


Կիպրոսի անդամակցությունը Եվրամիությանը կարող է հանգեցնել այն բանին, որ տեղի հայերը եւ մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք մինչեւ այժմ ազատված էին պարտադիր ծառայությունից, այսուհետ զորակոչվեն բանակ:

Ըստ «Ֆրանսպրես»֊-ի՝ Կիպրոսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ձգտելու է չեղյալ հայտարարել կառավարության որոշումը, որով փոքրամասնությունների՝ հայերի, լատինների եւ մարոնիտների ներկայացուցիչները ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից:

Նախարարության մշտական քարտուղար Պետրոս Կարեկլասը լրագրողներին հայտնել է, որ այդ համայնքների ներկայացուցիչները հրավիրվել են նախարարություն եւ տեղեկացվել, որ Եվրամիությանը անդամակցությունը նշանակում է հավասար իրավունքներ եւ պարտականություններ բոլորի համար:

«Ժամանակն է վերջ դնելու արտոնություններին, բոլոր քաղաքացիները պետք է կիսեն Եվրամիությանն անդամակցած իրենց երկրի բոլոր դժվարություններն ու իրավունքները»,֊ - ասել է Կարեկլասը:

Նրա վկայությամբ՝ հարցը կլուծվի մինչեւ փետրվարի վերջը:

Կիպրոսի 10֊-հազարանոց բանակում ծառայելու ժամկետը 25 ամիս է:

Կիպրոսում բնակվում է մոտ 3 հազար հայ: «Հայ Սփյուռք» հանրագիտարանի վկայությամբ՝ նրանց մեծ մասը արհեստավորներ են, մանր եւ խոշոր առեւտրականներ, ձեռնարկատերեր:

1982 թվականին Կիպրոսի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG