Մատչելիության հղումներ

«Ֆորբս»-ի հայկական տարբերակը «լույս է տեսել անօրինական ձեւով»


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը ասաց «Ֆորբս» ամսագրի ամերիկյան տարբերակի արտոնագրային հավատարմատար, Հայաստանում մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում աշխատող իրավաբան Էդուարդ Նահապետյանը, «Ֆորբս»-ի հայկական տարբերակի առաջին համարը անօրինական ձեւով է լույս տեսել: Չի բացառվում, որ ամերիկյան «Ֆորբս»-ը կատարվածի համար փոխհատուցում պահանջի:

«Նրանք [ամերիկյան «Ֆորբս»-ի ներկայացուցիչները] դիմել են մեզ, որ Հայաստանում լույս է տեսել «Ֆորբս» ամսագիրը, որը, իրենց կարծիքով, անօրինական է, խախտվում են նրանց իրավունքները, որովհետեւ «Ֆորբս» անունը պատկանում է իրենց», - ասաց Նահապետյանը` հավելելով, որ հայկական «Ֆորբս»-ի հրատարակիչները «թույլտվություն կամ լիցենզիա չունեն»: - «Դիմել են մեզ, որպեսզի մենք կանխենք այդ խախտումը. այսինքն` դիմենք տեղական «Ֆորբս»-ին, բացատրենք, որ իրենք կատարում են խախտում, եւ դադարեցնեն գործունեությունը»:

Նահապետյանը հավելեց, որ իրենք արդեն դիմել են հայկական «Ֆորբս»-ի հրատարակիչներին. - «Ներկայացրել ենք օրենսդրական դաշտը, եւ նրանք լիովին մեզ հետ համաձայնել են: Ասացին, որ անմիջապես կդիմեն ամերիկյան «Ֆորբս»-ին, կբանակցեն, որպեսզի կարողանան օրինականացնել իրենց գործունեությունը: Այսինքն` ստանան նրանց թույլտվությունը»:

Հարցին, թե կարո՞ղ է ամերիկյան «Ֆորբս»-ը փոխհատուցում պահանջի, Էդուարդ Նահապետյանը արձագանքեց. - «Ամեն ինչ հնարավոր է»:

«Ֆորբս – Հայաստան» ամսագրի տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանը խուսափեց ուղղակի պատասխան տալ հարցին, թե արդյո՞ք իրենք ունեին առաջին համարը հրատարակելու թույլտվություն: Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ ամսագիրը հրատարակումը դադարեցվի, նա պատասխանեց. - «Չեմ կարող ասել: Ժամանակը ցույց կտա»:

«Ֆորբս – Հայաստան» ամսագրի առաջին համարի լույս ընծայումից հետո հրաժարական է ներկայացրել դրա գլխավոր խմբագիրը` «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը` դա բացատրելով «Ֆորբս»-ի լույս ընծայման «անհարկի քաղաքականացմամբ»:

Նա հերքեց լուրերը, թե իր հրաժարականը պարտադրված է եղել` կապված անցած դեկտեմբերին լույս տեսած «Ֆորբս – Հայաստան»-ի առաջին եւ առայժմ միակ համարում տպագրված հայաստանցի 10 մեծահարուստների մասին հոդվածի հետ:

Հարուստների տասնյակը այդ հոդվածում գլխավորում է Գագիկ Ծառուկյանը: Տասնյակի մեջ են 6 պետական պաշտոնյաներ` նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետը, Մաքսային պետական կոմիտեի ղեկավարը, կապի ու տրանսպորտի եւ արդարադատության նախարարները:

Այս ցանկը վրդովմունք է առաջացրել իշխանությունների շրջանակում: Համարը լույս տեսնելուց անմիջապես հետո Ղազարյանը այդ ցանկը «ամանորյա կատակ» որակեց, թեեւ ամսագրում այն ներկայացված էր որպես անանուն փորձագետների շրջանում անցկացված հարցման արդյունք:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG