Մատչելիության հղումներ

logo-print

Գործակալությունները խոստանում են աշխատանքի տեղավորել


«Տանժեր» գործակալության տնօրեն Նանա Հերունին ասում է, որ իրենց հիմնականում դիմում են ուսանողները, հատկապես աղջիկները, որոնք ցանկանում են ուսումն աշխատանքի հետ համատեղել:

Աշխատանքի տեղավորման գործակալությունները հիմնականում դժգոհում են ոլորտի պատվիրատուների եւ որոշ աշխատանք փնտրողների վարքագծից: Աշխատանք փնտրողներն էլ այս կարգի գործակալությունների արդարությանը չեն հավատում:

Քրիստինե Միրզոյանը պատմում է, թե ինչպես է իր քույրը գործակալություններից մեկի միջոցով ընդունվել աշխատանքի եւ մի քանի ամիս անց կրկին անգործ է մնացել:

«3000 դրամ նախնական վճարելով, քրոջս տեղավորեցին մեծահարուստներից մեկի տանը՝ մի քանի օր հետո հեռացրեցին` պատճառաբանելով, որ լավ չի աշխատում: Եվ այդպես մի քանի տեղ փոխեց քույրս: Հիմա չի աշխատում»,֊ - ասում է Քրիստինեն :

Աննա Մուսոյանը 35 տարեկան է: Աշխատանքի տեղավորման գործակալություններին դեռ վստահում է: Երկար ընդմիջումից հետո նա որոշել է կրկին աշխատանքի անցնել իր մասնագիտությամբ եւ դիմել է «Դաշինք» գործակալություն: Արմինեն հուսով է, որ չի դասվի նման գործակալություններից դժգոհների կամ խաբվածների շարքին:

25֊-ամյա Քրիստինե Ֆարիզյանը 3 անգամ դիմել է աշխատանքի տեղավորման տարբեր գործակալությունների, վճարել է նախնական պահանջվող գումարը, բայց այդպես էլ որեւէ աշխատանք չի գտել:

50-֊ամյա տիկին Ալվինան նույնպես դիմել է աշխատանքի տեղավորման գործակալություններից մեկին, սակայն առաջարկվող աշխատանքները, նրա բնորոշմամբ` «մեկը մյուսից անհաջող են եղել»: Տիկին Ալվինայի կարծիքով, այդ գործակալությունները հիմնականում երիտասարդների համար են:

Սակայն որոշ երիտասարդներ ավելի վրդովված են ու բացարձակ չեն վստահում նման գործակալություններին: Աշխատանքի տեղավորվելու` 23-֊ամյա Սոնայի փորձը նույնպես անհաջող ավարտ է ունեցել:
«5000 դրամ վճարել եմ ու գրանցվել աշխատանքի տեղավորման գործակալություններից մեկում, 5 ամիս սպասեցի ու մինչեւ հիմա էլ սպասում եմ: Երեւի սպասող էլ կմնամ», - ասում է Սոնան:

Ըստ «Տանժեր» եւ «Ամուր Դաշինք» գործակալությունների՝ առավել պահանջարկ ունեցող մասնագիտություններն այսօր հետեւյալներն են. վաճառողուհիներ, դայակներ, հավաքարարներ, վարսահարդարներ, պահակներ, վարորդներ ու դարբիններ: Հազվադեպ նաեւ հաշվապահների, իրավաբանների եւ տնտեսագետների պահանջ է լինում:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG