Մատչելիության հղումներ

Հայամետ կոնգրեսականը շուտով կներկայացնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ


ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ, Կալիֆոռնիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է շուտով ներկայացնել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծ:

«Որպես պետություն մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, եւ ես շուտով Ներկայացուցիչների պալատում ներկայացնելու եմ բանաձեւ, որը կհարգի ցեղասպանության զոհերի հիշատակը եւ կարտացոլի Կոնգրեսի դիրքորոշումը», - հայտարարել է Շիֆը անցած շաբաթավերջին: - «Լիահույս եմ, որ Կոնգրեսի նոր ղեկավարության օրոք մեզ կհաջողվի վերջապես անցկացնել այն»:

Հայամետ կոնգրեսականը նաեւ կարծիք է հայտնել, թե «թերեւս սա Հայոց ցեղասպանության բանաձեւ ընդունելու մեր լավագույն հնարավորությունն է այս տասնամյակում»:

Turkish Daily News-ը տեղեկացնում է, որ ամերիկահայ կազմակերպությունները արդեն իսկ հայտարարել են մինչեւ ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ցեղասպանության բանաձեւի ընդունմանը հետամուտ լինելու մտադրության մասին:

Թուրքական թերթը նշում է, որ չնայած Ջորջ Բուշի նախագահության անցած վեց տարիներին վարչակազմը մշտապես կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստերում, այնուհանդերձ, 2006 թվականի նոյեմբերի 7-ի ընտրություններում դեմոկրատների հաղթանակը անչափ մեծացնում է Կոնգրեսի կողմից ցեղասպանությունը ճանաչելու հավանականությունը:

Մասնավորապես, Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Նենսի Փելոսին դեռ ընտրություններից առաջ հայտարարել էր, որ հանդես է գալու Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Հայամետ սենատոր Հարի Ռեյդը ղեկավարում է Սենատում դեմոկրատների խմբակցությունը, իսկ մեկ այլ հայամետ սենատոր՝ Ջո Բայդենը, շուտով կգլխավորի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG