Մատչելիության հղումներ

logo-print

Իրաքահայերը տեղափոխվում են երկրի համեմատաբար անվտանգ շրջաններ


Իրաքահայերը վերաբնակվում են Թուրքիային եւ Սիրիային սահմանամերձ հայկական Հադրեսք լքյալ գյուղում, որը Իրաքի նախկին իշխանությունների օրոք դատարկվել էր: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանը, գյուղում վերաբնակվելու համար ներկայումս գրանցված են մոտավորապես 60-70 հայկական ընտանիքներ:

Երկրի ներսում հայերը տեղափոխվում են քրդական շրջաններ. հյուսիսային այդ շրջանները անվտանգության առումով ավելի ապահով են:

«Էրբիլ քաղաքում ժամանակին փոքր թվով հայություն ունեինք, մի քանի ընտանիք էր բնակվում այնտեղ», - ասաց Պարույր Հակոբյանը: - «Իսկ հիմա այնտեղ մոտավորապես 60-70 հայկական ընտանիք կա, այսինքն՝ Բաղդադից, Մոսուլից, այդ շրջաններից տեղափոխվել եւ աշխատում են այնտեղ: Վերջերս նույնիսկ մեզնից քահանա պահանջեցին, քահանա ուղարկեցինք, այնտեղ ուրիշ քրիստոնեական եկեղեցում Սուրբ Ծնունդի արարողությունը կատարեցին»:

Պատերազմի սկզբից ի վեր Իրաքից հեռացած հայերի քանակի վերաբերյալ ստույգ տվյալներ չկան, սակայն, ըստ Պարույր Հակոբյանի, մոտավոր հաշվարկներով Իրաքից մոտ 2-2,5 հազար հայ է հեռացել, եւ թե երկրի ներսում, թե երկրից դուրս հայերի հոսքը այժմ էլ շարունակվում է:

Վերջին իրադարձությունների, մասնավորապես Սադամ Հուսեյնի մահապատժի նկատմամբ իրաքահայերի դիրքորոշման առնչությամբ Պարույր Հակոբյանն ասաց. - «Հայերը միշտ չեզոք դիրք են պահպանել: Սակայն պետք է ընդունել, որ, ի վերջո, Սադամ Հուսեյնը նախագահ էր, 35 տարի կառավարեց այս երկիրը: Եվ ավելի լավ է մենք՝ հայերս, ոչ արտահայտվենք, ոչ էլ խոսենք այս փաստի կապակցությամբ»:

Հարցին, թե իրաքահայերը ինչպիսի՞ փոփոխություններ կցանկանային, ի՞նչ կուզենային, որ կատարվեր Իրաքում, Պարույր Հակոբյանը պատասխանեց. - «Մենք կուզենայինք ամենից առաջ խաղաղություն լիներ»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG