Մատչելիության հղումներ

logo-print

«Էկոնոմիստ»-ը 2006 թվականի Եվրոպայի թիվ մեկ հայտնություն է համարում Էստոնիայի նախագահին


Լոնդոնյան «Էկոնոմիստ» հանդեսը 2006 թվականի Եվրոպայի
թիվ մեկ հայտնություն է համարել Էստոնիայի նորընտրի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսին:

«Խոհեմ ու ցինիկ այս քաղաքական գործիչը, որը ծնվել է Շվեդիայում, կրթություն է ստացել Միացյալ Նահանգներում, այժմ թողել է իր բարձր պաշտոնը Եվրախորհրդարանում, որպեսզի իր փոքրիկ երկիրը վերահաստատի աշխարհի քարտեզին», - գրում է «Էկոնոմիստ»-ը՝ պնդելով, թե Իլվեսը 2007 թվականին հնարավորություն ունի դառնալ ամբողջ հետխորհրդային տարածքի շահերի պաշտպանը Արեւմուտքում:

Որպես տարվա թիվ մեկ հիասթափություն լոնդոնյան պարբերականը մատնանշում է մեկ այլ արեւելաեվրոպական պետությունում` Lեհաստանում ստեղծված կացությունը:

«Կաչինսկի եղբայրների կառավարությունը 2006 թվականի մեծ մասը նվիրեց ոչ թե բարեփոխումներին, այլ քաղաքական ինտրիգներին», - գրում է «Էկոնոմիստ»-ը` հատուկ ուշադրություն դարձնելով Վարշավայի վարած արտաքին քաղաքականությանը, որը հանդեսը բնութագրում է որպես նեղացկոտ ու «ոչ կոմպետենտ»:

Տարվա ամենակեղտոտ քաղաքական հնարքների հեղինակը, ըստ «Էկոնոմիստ»-ի, հունգարացի գործիչներն են, որոնց անհեռատես գործողությունները ի վերջո հանգեցրին բախումների Բուդապեշտի կենտրոնում:

Ինչպես նշում է բրիտանական հանդեսը, Հունգարիայի վարչապետ Ֆերենց Դյուրչանը 2006 թվականին աչքի ընկավ իր հայտարարություններով, որոնցում առանց ամաչելու խոստովանեց, թե նախընտրական շրջանում ինքն ու իր սոցիալիստ զինակիցները միտումնավոր կերպով խաբել են ընտրողներին:

Դյուրչանի թիվ մեկ քաղաքական հակառակորդ Վիկտոր Օրբանը, «Էկոնոմիստ»-ի գնահատմամբ, թեեւ երդվյալ հակակոմունիստ է, բայց հունգարական ընդդիմությունը ղեկավարում է տիպիկ սոցիալիստական մեթոդներով:

Անցած տարվա ամենատխուր արդյունքը, ըստ բրիտանական հանդեսի, քաղաքական լճացումն է, որը տիրում է ամբողջ Արեւելյան Եվրոպայում:

«Բալթիկ, Ադրիատիկ ու Սեւ ծովերի միջեւ այսօր չկա եւ ոչ մի բարեփոխական կառավարություն», - գրում է հանդեսը՝ բավական խիստ գնահատականների արժանացնելով մի շարք կառավարությունների:

«Խառնաշփոթն ու անբարոյականությունը դարձան 2006 թվականի բնորոշ գծերը: Ռուսաստանը 2006 թվականին վերջնականապես որդեգրեց «բաժանիր, որ տիրես» ռազմավարությունը՝ քծնանքի,կաշառքների ու էժան գազի օգնությամբ փչացնելով Սլովակիան, Սլովենիան, Հունգարիան ու Բուլղարիան: Կրեմլում շատ լավ գիտեն, որ հետկոմունիստական ռեժիմները ազգային շահերի պաշտպանությանը գերադասում են անձնական հարստացումն ու դյուրին գործարքները», - գրում է «Էկոնոմիստ»-ը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG