Մատչելիության հղումներ

Հայաստանը զենք է գնում Սերբիայից


2007 թվականի առաջին ամիսներին Սերբիան 2,6 միլիոն դոլարի զենք կվաճառի Հայաստանին:

Սերբական «Զաստավա» գործարանի կառավարիչ Դրագոլյուբ Գրույովիչը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ Հայաստանին հրազեն է վաճառվում, հիմնականում` ավտոմատներ: Նախատեսվում է հունվարի վերջին առաքել առաջին խմբաքանակը: Իսկ մարտին` ամբողջությամբ ավարտել մատակարարումը:

Այս գործարքը Սերբիայում բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել: Պայմանագիրը ստորագրվել էր անցած ամռանը, բայց աշնանը Սերբիայի կառավարությունը արգելափակել էր պայմանագրի իրականացումը:

«Զաստավա» ընկերության ղեկավարների համար պարզ չէին արգելափակման պատճառները, քանի որ Հայաստանի հետ համագործակցության մասին պայմանագիրը ավելի վաղ էր ստորագրվել: Առաջին պայմանագիրը ստորագրվել էր 2003 թվականին, եւ դրանով նախատեսված հրազենի առաքումները ավարտվել էին 2006 թվականի ամռանը:

Այս անգամ, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, Սերբիայի ավանդական գործընկեր Ռուսաստանը առարկել էր, որ Սերբիան զենք-զինամթերքի գործարքներ իրականացնի Մոսկվայի կողմից վերահսկվող շուկաներում:

Հոկտեմբերին Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը, արգելք դնելով այս գործարքի վրա, հայտարարել էր, թե այդ զենքը «կարող է օգտագործվել ռուսների կամ Ռուսաստանի դեմ»:

Դեկտեմբերի սկզբին «Զաստավա» ընկերության ղեկավարները քննադատեցին Սերբիայի կառավարությանը` Հայաստանի հետ համաձայնեցված գործարքը արգելափակելու համար:

Հետագա դեպքերը սրընթաց զարգացան Բելգրադից 90 կիլոմետր հյուսիս-արեւելքում գտնվող Կրագուջեւաց քաղաքում, որտեղ գտնվում է «Զաստավա» գործարանը:

«Զաստավա»-ի 2600 աշխատողներ գործադուլ հայտարարեցին` կառավարությունից պահանջելով թույլատրել Հայաստանի հետ նախատեսված գործարքի իրականացումը կամ տալ ֆինանսական փոխհատուցում:

Կառավարությունը կտրականապես հրաժարվում էր կատարել նրանց պահանջները:

Դեկտեմբերի 29-ին, սակայն, ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-ի, Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հայտարարեց, որ Հայաստանին զենք վաճառելու հարցում Ռուսաստանը տվել է իր համաձայնությունը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG