Մատչելիության հղումներ

Ադրբեջանում թանկացել են բենզինը, էլեկտրաէներգիան եւ ջուրը


Սակագնային խորհրդի` երկու օր առաջ ընդունած որոշմամբ այսօրվանից Ադրբեջանում թանկացել են բենզինը, էլեկտրաէներգիան եւ ջուրը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, գրեթե 50 տոկոսով բարձրացել են բենզինի, դիզելային վառելիքի եւ կերոսինի գները:

ԱԻ-95 բենզինի մեկ լիտրը այսօրվանից կարժենա 0,6 մանաթ կամ մոտ 70 սենթ, ԱԻ-93 եւ ԱԻ-80 բենզինի գները 0,36 մանաթից բարձրացել են մինչեւ 0,55 մանաթ, դիզելային վառելիքի եւ կերոսինի գինը այսուհետ կլինի 0,45 մանաթ:

Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է երեք անգամ եւ դարձել 0,06 մանաթ 1 կիլովատտ/ժամի դիմաց:

Ջրի սակագինը բարձրացել է 1,8 անգամ եւ դարձել 0,18 մանաթ մեկ խորանարդ մետրի դիմաց՝ բնակչության համար, եւ 0,70 մանաթ մեկ խորանարդ մետրի դիմաց՝ արդյունաբերական կարիքների համար:

Ադրբեջանի կառավարության աղբյուրի փոխանցմամբ, ապրիլի 1-ից բարձրանալու է նաեւ օգտագործվող բնական գազի սակագինը:

Ընդունված որոշման կապակցությամբ պաշտոնական մեկնաբանություններ դեռեւս չկան:

Այնուհանդերձ, հայտնի է, որ միջազգային ֆինանսական կառույցները, այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամը, ադրբեջանական կառավարությունից հետեւողականորեն պահանջում են երկրի ներսում էներգակիրների սակագները աստիճանաբար հասցնել միջազգային գներին:

Ադրբեջանում էներգակիրների սակագները վերջին անգամ բարձրացվել էին 2004 թվականի աշնանը:

Փորձագետների կարծիքով, նավթամթերքի թանկացումը կհանգեցնի երկրում գների մասշտաբային աճի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG