Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը այսօր հյուրընկալել էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին, ով պատասխանել է ռադիոկայանի թղթակիցների հարցերին:

Հարց. - Ո՞ւմ օգտին կարող է լինել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի ձգձգումը` Հայաստանի՞, Ադրբեջանի՞, Լեռնային Ղարաբաղի՞:

Պատասխան. - Ինչքան շուտ լուծվի Ղարաբաղի հարցը, այնքան բոլորի օգուտն է. այստեղ կասկած ուղղակի չի կարող լինել: Խնդիր դնելով հարցը լուծել` պետք է փորձել կոմպրոմիսների տարբերակով առաջ գնալ: Մենք ունենք մեր հստակ խնդիրները, գիտենք մեր կոմպրոմիսի սահմանները, գիտենք այն կարմիր գիծը, որից չենք կարող անցնել: Հետեւողականորեն աշխատում ենք այն ուղղությամբ, որ հանսենք հարցի կարգավորմանը: Եթե ստացվում է` գնում ենք, եթե չի ստացվում` մեր առաջ խնդիր է ծագում պահպանել այսօրվա ստատուս քվոն:

Հարց. - Տեսակետ կա, որ Լեռնային Ղարաբաղը այսօր հակամարտության սուբյեկտից վերածվել է հակամարտության օբյեկտի: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները երբեք չեն հայտարարել, թե իրենք անվերապահորեն կընդունեն այն լուծումը, որը ընդունելի է Հայաստանի համար: Հնարավո՞ր է, որ որեւէ փուլում, եթե Ղարաբաղը մտնի բանակցությունների մեջ, հակասություններ առաջանան Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների միջեւ:

Պատասխան. - Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության ինչ-որ մի փուլում, ուղղակի հնարավոր չէ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը: Այն, ինչ այսօր անում ենք, նպատակ ունի պրոցեսը հասցնել մի կետի, որտեղ արդեն հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն կլինի. մանրամասների քննարկման փուլում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը անպայման անհրաժեշտ է: Իսկ մինչ այդ լուրջ երկխոսություն կա Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ամբողջությամբ իրազեկ են: Մեծ հաշվով, ես կարծում եմ, որ սկզբունքային տարաձայնություններ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ չկան:

Հարց. - Այս տարի մարտին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոշտ հայտարարություն արեց, որ եթե ձգձգվեն, ձախողվեն բանակցությունները, Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Արդյո՞ք այդ ուղղությամբ որեւէ գործընթաց, նախապատրաստական աշխատանք կա: Արտգործնախարարությունը ինչ-որ բան անո՞ւմ է այդ առումով, եթե հանկարծ սցենարի մնան զարգացում լինի:

Պատասխան. - Նախագահի հայտարարությունը պետք է դիտարկել հետեւյալ կոնտեքստի մեջ` ի՞նչ պատճառով են բանակցությունները ձախողվում: Եթե Ադրբեջանը բանակցությունների միջոցով չկարողանա ստանալ այն, ինչ ցանկանում է, եւ Ադրբեջանի համար տարբերակ է հարցը ռազմական ճանապարհով լուծել, իհարկե Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը միասնաբար պետք է պատրաստ լինեն այդ տարբերակին: Երբ մենք համոզվենք, որ Ադրբեջանը կոմպրոմիսային տարբերակով չի ուզում գնալ եւ կարող է գնալ ռազմական տարբերակի` 5 տարի, 10 տարի հետո, մենք մեր ձեռքերը ծալած չենք նստելու... Եթե մենք համոզվենք, որ Ադրբեջանը դրա մասին լուրջ է մտածում, ես կարծում եմ, որ ոչ միայն ճանաչման, այլ նաեւ այլ միջոցների մասին մենք պետք է մտածենք` մեզ ապահովելու նման զարգացումների դիմաց: Ճանաչումը ինքնանպատակ չէ, ճանաչումը միջոց է` ապահովելու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը Ադրբեջանի հնարավոր ոտնձգությունների դիմաց եկող տարիների ընթացքում:

Հարց. - Երբ դեռ կառուցվում էր Բաքու – Թբիլիսի – Ջեյհան նավթամուղը, Հայաստանի պաշտպանության նախարարը, ի պատասխան հարցին, թե արդյո՞ք դա չի կարող սպառնալիք ստեղծել մեր ազգային անվտանգությանը, թեքել նժարը Ղարաբաղյան խնդրի տեսանկյունից, ասաց, որ այդ նախագիծը ոչ միայն սպառնալիք չէ, այլեւ մենք դրանից կարող ենք օգուտներ քաղել: Կարելի է այսօր էլ, երբ նավթամուղը կառուցված է եւ նավթը հոսում է, նման պնդումներ անել:

Պատասխան. - Նավթամուղի առկայությունը սահմանափակումներ է մտցնում Ադրբեջանի որոշումների մեջ ռազմական գործողություններ սկսելու առումով: Այսօր այդ որոշումը միայն Ադրբեջանինը չէ: Այնտեղ հսկայական գումարներ են ներդրել օտար ընկերություններ, պետություններ: Կան նաեւ նավթային շահեր, որոնք բխում են կարեւորագույն երկրների շահերից... Մենք, համենայն դեպս, մեր ինքնավստահության չափը պետք է հստակորեն իմանանք, որպեսզի հետագայում պրոբլեմների առաջ չկանգնենք: Մենք պետք է ճիշտ գնահատենք մեր հնարավորությունները եւ ընդհանուր իրավիճակը: Մենք բոլոր ճակատներով պետք է մեր դիրքերը ամրապնդենք. ե’ւ ռազմական, ե’ւ հոգեբանական, ե’ւ ժողովրդավարական, ե’ւ տնտեսական, ե’ւ համահայկական առավել ամուր ընդհանուր դաշտի ստեղծման:

Հարց. - Դուք բազմիցս ասել եք, որ գալիք ընտրությունները գին ունեն, եւ պետք է այս ընտրությունները շատ լավը լինեն: Որտե՞ղ են այդ երաշխիքները: Վերջերս երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հիմնականում քննադատեց ընդդիմությանը: Ինձ թվում է, որ մարդիկ սպասում էին, թե նա կասի, որ երաշխավորում է, որ ընտրությունները լավը կլինեն: Նա հակառակը արեց` ասաց, որ իրենից շատ բան կախված չէ, կառավարությունը մեկ անդամ ունի ընդամենը... Այնպես չի՞ ստացվում, որ ընտրությունների նախօրեին իշխանությունները կարծես թե ձեռքերը լվանում են:

Պատասխան. – Պատասխանատվությունը բոլորինն է: Բոլորը պետք է պատասխանատվություն վերցնեն նորմալ ընտրություններ անցկացնելու, որովհետեւ սա արդեն կրիտիկական է մեր հետագա անելիքների առումով, մեր հետագա զարգացման առումով, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման առումով: Մենք այս հարցին պետք է մոտենանք որպես համընդհանուր, համազգային խնդիր: Շատ ենք խոսում Լեռնային Ղարաբաղի` որպես համազգային խնդիր լինելու մասին: Այս երկուսը, նույնիսկ կարող եմ ասել, որ կարելի է նույն հարթակի վրա դնել` տարբեր առումներով: Այս հաջորդ ընտրությունները մեզ համար այնքան կարեւոր են, այնքան ճակատագրական են, որ մեր քաղաքական ուժերը իսկապես իրենց նեղ շահերը մի կողմ պետք է դնեն այս հարցում:

Հարց. - Ինչո՞ւ են ճակատագրական:

Պատասխան. - Որովհետեւ թե Ղարաբաղի հարցի լուծումը, թե մեր մրցունակությունը տարածաշրջանում մեծապես կախված են իշխանությունների օրինականությունից: Եվ ժողովուրդը պետք է կասկածներ չունենա, որ խորհրդարանը եւ նախագահը հենց իր ընտրածն են:

Հարց. - Ինչո՞ւ պետք է միջազգային հանրությունը այս անգամ ավելի խիստ արձագանքի վատ ընտրություններին:

Պատասխան. -2003֊-ը 2007-֊ի հետ համեմատել չի կարելի: Այսօր մենք ունենք Եվրամիության հետ գործողությունների ծրագիր, որը առաջիկա 5 տարիներին նախատեսում է 100 միլիոն եվրո, մենք ունենք ԱՄՆ-֊ի հետ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիր, որը նախատեսում է այդ նույն 5 տարիների համար 250 միլիոն դոլար: Մենք ունենք ՆԱՏՕ-֊ի հետ համապատասխան ծրագրեր: Եվ այս բոլոր ծրագրերի հիմքում դրվել են Հայաստանի ժողովրդավարության խնդիրները, նորմալ ընտրությունների անցկացման խնդիրը: Այդ իսկ պատճառով, երբ ես ասում եմ, որ այս ընտրությունները գին ունեն, խոսքը ոչ միայն բարոյական, այլեւ նյութական գնի մասին է:

Հարց. - Իսկ դուք մասնակցելո՞ւ եք խորհրդարանական ընտրություններին:

Պատասխան. - Կարծում եմ, որ ոչ: Այս պահի դրությամբ որեւէ առաջարկ չունեմ եւ ինձ խորհրդարանում չեմ տեսնում: Ուղղակի ուզում եմ, որ քաղաքական դաշտում իմ մնալու հնարավորությունները բաց մնան, որպեսզի իմ ընտրությունը չսահմանափակեմ, երբ պահը գա որոշում կայացնելու:

Հարց. - Իսկ ի՞նչ կասեք նախագահական ընտրությունների մասին: Ասում են, որ եթե իշխանությունները տեսնեն, որ Սերժ Սարգսյանը չի անցնում առանց խախտումների, առաջ կքաշեն մեկ այլ թեկնածուի, որը կարող եք նաեւ դուք լինեք:

Պատասխան. - Ես ենթադրություններին այս պահին չեմ ուզում պատասխանել: Իմ առաջ որեւէ մեկը նման խնդիր չի դրել, որեւէ առաջարկ չի արել:

Հարց. - Բայց դուք իրավունք ունենալո՞ւ եք մասնակցել նախագահական ընտրություններին: Նկատի ունենք ձեր քաղաքացիության ժամկետը:

Պատասխան. - Ես այդ մասին չեմ մտածել, իսկ դուք հաշվարկե՞լ եք:

Հարց. - Այո, մեր տվյալներով՝ դուք Հայաստանի քաղաքացիություն եք ստացել 1998 թվականի ապրիլի կեսերին, իսկ նախագահական ընտրությունները, ըստ օրենսդրության, տեղի են ունենալու 2008 թվականի փետրվարի կեսերին: Այնպես որ, դուք իրավունք չեք ունենալու մասնակցել ընտրություններին, թեեւ փորձը ցույց է տվել, որ նույնիսկ երբ խոսքը տարիներով Հայաստանում ապրել-֊չապրելու մասին է եղել, հարցը լուծվել է: Ձեր դեպքում խոսքը ընդամենը ամիսների մասին է, երեւի ավելի հեշտ կլուծվի, եթե իշխանությունները ցանկանան:

Պատասխան. - Շնորհակալություն:

Հարց. - Ասում են, որ դուք մտնելու եք «Բարգավաճ Հայաստան»:

Պատասխան. - Ինձ «Բարգավաճ Հայաստան»-֊ից որեւէ առաջարկ չի արվել:

Հարց. - Իսկ եթե վաղը արվի՞:

Պատասխան. - Եթե արվի, պատասխանիս մասին առաջիններից մեկը «Ազատություն» ռադիոկայանը կիմանա:

Հարց. - Եվ վերջին հարցը՝ կրկին Ղարաբաղի մասին: Բանակցությունների այս սառեցումը մինչեւ երբ է տեւելու՝ մինչեւ խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական ընտրությունները:

Պատասխան. - Բանակցությունները շարունակվելու են, եւ կարող եմ ձեզ ասել, որ իմ հաջորդ հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ կլինի հունվարին՝ ամսաթիվն առայժմ չեմ կարող ասել: Այնպես որ, բանակցությունները շարունակվելու են՝ միգուցե մի փոքր ավելի դանդաղ տեմպերով:


Կարինե Քալանթարյան, Ատոմ Մարգարյան, Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG