Մատչելիության հղումներ

2006 թվական՝ A320֊-ի աղետից մինչեւ օլիմպիական հաղթանակ


«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը առանձնացրել է 2006 թվականի 10 գլխավոր իրադարձությունները:

Այս տարի հայ հասարակությանն ամենից շատ ցնցեց A320 հայկական ինքնաթիռի աղետը Սոչիում:

Ոչ պակաս առեղծվածային էր Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի հրաժարականը եւ իշխող կոալիցիայի փլուզումը խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ:

2006 թվականին ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Մեթյու Բրայզայի շնորհիվ վերջապես պարզ դարձան ղարաբաղյան բանակցությունների մանրամասները:

Նախընտրական տարում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը անդամագրվեց Հանրապետական կուսակցությանը` հասկացնելով, որ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում հավակնելու է նախագահի պաշտոնին:

Տարվա ընթացքում քաղաքական ասպարեզ մտավ նոր ուժ՝ «Բարգավաճ Հայաստան»-֊ը, որի շռնդալից աճը վկայում է այն մասին, որ ձեւավորվել է մի կուսակցություն, որի հետ անհնար է հաշվի չնստել:

Ողջ տարին ուղեկցվում էր Բուզանդի փողոցի, Հյուսիսային եւ Գլխավոր պողոտայի տներից վտարված բնակիչների բողոքի ցույցերով, ինչի արդյունքում համապատասխան որոշում ընդունեց Սահմանադրական դատարանը, իսկ խորհրդարանը սեփականության օտարումը հանրային կարիքների համար ամրագրեց օրենքով:

2006-֊ի ընթացքում աննախադեպ տեմպերով սկսեց իջնել ամերիկյան դոլարի փոխարժեքը. եթե անցած տարվա նոյեմբերին այն կազմում էր 460 դրամ, ապա այս տարվա վերջին՝ 360 դրամ:

Հայաստանում ահագնացան հակառուսական տրամադրությունները՝ կապված Ռուսաստանում հայերի սպանությունների հետ, որոնք կատարվում էին այն ժամանակ, երբ Ռուսաստանում անցկացվում էր Հայաստանի տարին:

Մշակութային իրադարձություններից առանձնացան առաջին Հայսուպերսթարը, «Ոսկե ծիրան» փառատոնը, Անդրեի հաջողությունը «Եվրատեսիլ»-ում, բայց ամենահուզիչ մշակութային իրադարձությունը, իհարկե, Շառլ Ազնավուրի համերգն էր Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների ներկայությամբ:

Եվ վերջապես, մարզական իրադարձություններից ամենահիշվողը, անշուշտ, հայաստանցի շախմատիստների հաղթանակն էր համաշխարհային Օլիմպիադայում:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG